Հանրապետության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հրավիրած հանրահավաքը։ Ելույթով հանդես եկավ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
«Սիրելի սգակիր ժողովուրդ,
Մարդու սիրտը երբ որ տխուր է, հոգին մարմնից փոքր ինչ հեռացած, այս պահին մեր ներսը կխաղաղացնի Տիրոջ հանդեպ մեր աղոթքը։ Հրավիրում եմ՝ միասնական աղոթք բարձրացնել մեր կորուսյալ Արցախի և նրա հավատավոր ժողովրդի և համայն հայության համար, որը պետք է դառնա մեկս մյուսին ներելու, համախմբվելու աղոթք»,-ասաց նա։
Տեր Վրդանես Եպիսկոպոս Աբրահամյանն ասաց, որ իր սիրտը պայթում է, քանի որ ինքը իր հոգևոր դասի և իր հավատավոր ժողովրդի հետ միասին դուրս է եկել Արցախից։
«Հետ ճնայեցինք։ Դժբախտություն է պատահել Արցախում, այդ դժբախտությունը բոլորիս մեջ է։ Այսօր բոլորիս մտքում և սրտում հարցականներ են, հարցեր-հարցեր, պատասխան չկա, որովհետև ազգի իմաստությունը վերցվել է։ Երբ ազգն ու ազգի առաջնորդները իմաստությունից զրկվում են դառնում են անառաջնորդ ժողովուրդ։ Ուստի մեր խնդրանքը և աղոթքը պետք է լինի, որ տիրոջից խնդրենք իմաստություն մեր առաջնորդներին, որպեսզի ազգը համախմբվի, դառնա մեկ միասնականություն, մեկ հոտ և մեկ հովիվ, որովհետև դրա հրամայականն է ազգի անվտանգությունն ու փրկությունը։
Ես ձեզ դիմեցի՝ սգակի, որովհետև ազգի հիշողությունը հզոր է, ազգը հիշում է, ազգն արձանագրում է, զգը պահանջում է։ Եթե մենք կորցրեցինք աստվածապարգև Հայաստան աշխարհի անբաժանելի մաս Արցախը, կնշանակի, որ մեր համախմբվածության մեջ կան հարցեր, որ մենք ինքներս պետք է գտնենք դրա պատասխանը։ Հանուն Արցախի արժե ապրել և ապրել պայքարով, ինչպես Վազգեն Վեհափառ Հայրապետն էր ասում՝ հայ ծնվելը դա պատիվ է, ապրելը՝ պայքար, մեռնելը՝ հաղթանակ։ Ուրեմն՝ ապրենք պայքարով և մահանանք հաղթանակով »,-ասաց նա։