Կամակատար քննչական մարմինների և դատավորների միջոցով շուրջ 70 անձ ենթարկվել են ապօրինի ձերբակալությունների․ Ազգային կոմիտե

Ազգային կոմիտեն հայտարարություն է տարածել ապօրինի ձերբակալվածների վերաբերյալ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև։

«Արցախահայության կյանքի իրավունքը պաշտպանելու հրամայականով դրդված ժողովրդային լայն զանգվածներ ս.թ. սեպտեմբերի 19-ից Հայաստանի կառավարությանը իրենց պահանջները ներկայացնելու համար սկսեցին ինքնաբուխ, խաղաղ բողոքի գործողություններ:

Հայաստանի գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հերթական անգամ գործադրեց բիրտ ուժ, որի հետևանքով տարբեր անհնազանդության ակցիաների ընթացքում 700-ից ավելի անձինք բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ՝ ճնշող դեպքերում նրանց նկատմամբ կիրառվել է անհամաչափ ուժ, ակցիաների մասնակիցներին և անգամ ակցիաների հետ առնչություն չունեցող բազմաթիվ քաղաքացիների պատճառվել է ֆիզիկական վնաս: Ոստիկանության և իշխանության սադրիչների հրահրված բախումներով բազմաթիվ անձինք ստացել են մարմնական վնասվածքներ:

Կամակատար քննչական մարմինների և դատավորների միջոցով շուրջ 70 անձ ենթարկվել են ապօրինի ձերբակալությունների, իսկ նրանցից մեծ մասը ապօրինաբար կալանավորվել են կամ սահմանափակվել է նրանց ազատությունը՝ արգելելով կալանավորվածներից շատերի հետ տեսակցությունները:

Կամավոր հիմունքներով ձևավորված փաստաբանական խումբը, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորնները, Փաստաբանների պալատի աջակցող փաստաբանական համայնքի հետ միասին այս օրերին մշտապես եղել են նրանց կողքին, ցուցաբերել են և շարունակում են ցուցաբերել իրավական, հաղորդակցության ապահովման և այլ աջակցություն՝ հայրենադավ իշխանության դեմ պայքարի դուրս եկած մեր հայրենակիցներին:

Ազգային կոմիտեն երախտագիտություն հայտնելով փաստաբաններին ու իրավապաշտպանության մեջ ներգրաված անձանց շարունակում է իր համակարգված աջակցությունը ապօրինությունների ենթարկված անձանց»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել