Հոկտեմբերի 10–ին պետք է կայանա Երևանի ավագանու անդրանիկ նիստը։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն անդրադարձել է ընդդիմադիր ուժերի հետ համագործակցությանն այդ համատեքստում։
Նա ընդդիմադիր ուժերին կոչ է արել համագործակցել, սակայն ոչ դաշինքի տեսքով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը հայտարարել էր՝ պատրաստ է կոալիցիա կազմել, բայց այդ դեպքում վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը։
Մարությանն անդրադարձել է այդ առաջարկին, ընդգծելով, որ, ըստ օրենքի, դա հնարավոր չէ փաստաթղթով ամրագրել․ մրցույթային կարգով է դա որոշվում։ Վերջինս դրա փոխարեն առաջարկել է քննիչ հանձնաժողով ստեղծել, զբաղվել այդ վերահսկողությամբ։
«Օրենքը թույլ է տալիս ավագանիում ստեղծել ժամանակավոր քննիչ հանձնաժողով, կարող եք այն ղեկավարել, ստուգել բոլորին, առաջինը` ինձ, իմ երեք տարվա գործունեությունը, հետո միայն անցնել մյուսներին»,- ասել է Մարությանը։
Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» դաշինքն էլ իր հերթին հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագրին» Երևանում իշխանազրկման համար պատրաստ ենք աջակցել քաղաքապետի այն թեկնածուին, որը կհայտարարի, որ կիսում է Հայաստանում ամբողջական իշխանափոխություն իրականացնելու մեր դիրքորոշումը:
Մարությանը խնդրել է, իր հետ չհամաձայնելու դեպքում, ուղղակի բոյկոտել նիստն ու գնալ նոր ընտրությունների։
Նշենք, որ եթե ստեղծված պայմաններում երեք ընդդիմադիր ուժերը՝ «Մայր Հայաստան» դաշինք, «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցությունները, միավորեն մանդատները, 65 մանդատից կստանան 33 ձայն՝ դառնալով մեծամասնություն։
Նշենք նաև, որ Հայկ Մարությանն անդրադարձել է նաև Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքներին։ Ըստ նրա՝ տեղի ունեցողը բնական պրոցես է, մարդիկ դուրս են գալիս փողոց իրենց հարցերի պատասխանները ստանալու, սակայն ինքը չի միանում․ կարծում է, որ երկրում իշխանափոխություն պետք է լինի բացառապես ընտրությունների միջոցով։