Նախկին նախագահները հետ չպետք է գան․ Վազգեն Մանուկյան

Երբ ես հայտարարում էի, որ Նիկոլ Փաշինյանին թույլ չենք տալու ներս մտնել Կառավարության շենք, արդեն գիտեի, որ նա երկու տարբերակ ունի՝ կամ շենքը փոխել, կամ՝ ժամը։ Նրանք ժամը փոխեցին, ձերբակալեցին մեր տղաներին՝ Անդրանիկ Թևանյանին ևս։ Դա սպասելի էր։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, կառավարության դիմաց իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ասել է Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

«Մենք այսօր ժամը 6-ին հանրահավաք ունենք, որի ընթացքում մենք կամփոփենք, թե ինչ կատարվեց այս ընթացքում և կներկայացնենք՝ ինչ է պետք անել հիմա»,- ասել է Վազգեն Մանուկյանը։

Նա չի մերժել այն, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում գուցե հարձակում լինի Ադրբեջանի կողմից։ Միևնույն  ժամանակ՝ Վազգեն Մանուկյանն ընդգծել է, որ եթե Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ որպես վարչապետ, ստացվում է, որ Հայաստանում մնում է Ադրբեջանի ներկայացուցիչ։

«Նրա մնալու դեպքում՝ անընդհատ շարունակվելու են պատերազմներն ու պարտությունները։ Այժմ ամեն ինչ այլ է, ժողովուրդը գուցե մեծ մասը մեր կողմից չէ, բայց մեծամասնությունը Նիկոլին դեմ է։ Եվ այս պայմաններում հաղթանակն ապահովված է»,- ասել է Վազգեն Մանուկյանը։

Վերջինս ընդգծել է, որ ինքը հավակնություն չունի թեկնածության առաջադրվելու, միևնույն ժամանակ նշել է, որ նախկին նախագահները չպետք է հետ գան։

«Ես կարծում եմ, որ նրանցից յուրաքանչյուրը դրականն էլ է արել, և՛ բացսականն էլ։ Նրանց ժամանակում  զարգացում էլ է եղել, և՛ կոպիտ սխալներ։ Սակայն, այժմ մենք ուզում ենք գնալ առաջ։ Առաջ գնալու համար նախկին ղեկավարներին հետ բերելը ճիշտ չէ, հետ գնալ պետք չէ»,- ասել է վազգեն Մանուկյանը։

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել