Անձնագրերում կլոր կնիքի՝ «ելքի վիզայի» պահանջը կհանվի․ կառավարության որոշումն ուժի մեջ կմտնի 01․01․24

Կառավարությունը սեպտեմբերի 22-ի նիստին որոշում ընդունեց ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, որի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2024թ. հունվարի 1-ից այլևս անձնագրերում կլոր կնիք (ելքի վիզա) ունենալու անհրաժեշտություն չեն ունենա:

Կառավարության անդամներին հարցը ներկայացրեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

«Այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների անձնագրերի 4-րդ էջում առկա է կլոր կնիք, որը վկայում է օտարերկյա պետություններում մեր քաղաքացիների վավերականության մասին, այսինքն սա իրենցի ենթադրում է վավերականության նշում, բայց նշեմ, որ այն չի հատվում անձնագրերի ընդհանուր վավերականության գործողության ժամկետի հետ։ Տարիներ շարունակ այս կլոր կնիքը նպատակ է հետապնդել մուտք ու ելքի հետ կապված հարցերը կարգավորել, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ունենք նույնականացման քարտերի ինստիտուտը և այլ գործիքակազմեր, որոնք ևս մի շարք ռիսկեր կառավարելի են դարձնում․ կլոր կնիքի նշանակությունը, ըստ էության, իմազտազրկվում է»,-նշեց փոխնախարարը։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը։

«Սա այն ինստիտուտի մասին է, որն ի սկզբանե մարդիկ կոչում էին «անձնագրի 5 հազար դրամ», որովհետև այն ժամանակ հնարավոր էր միայն անձնագրի այդ կնիքն ունենալ 5 տարով՝ տարին հազար դրամ: Հետո կարգավորումները փոխվեցին, և այն կարելի էր ունենալ մի տարով՝ 1100 դրամ վճարելու պարագայում: Ի՞նչ էր տեղի ունենում. երբ, օրինակ՝ արձակուրդների սեզոնին՝ օգոստոսին և դեկտեմբերի վերջ, մարդիկ, ովքեր պլանավորում էին երկրից դուրս գնալ, մեկ էլ հանկարծ արձանագրում էին, որ իրենց անձնագիրն օտար երկրում վավերական չէ: Միշտ այդ հարցն առաջացել է՝ ինչպես է, որ ես անձնագիր ունեմ, անձնագիրն ուժի մեջ է, բայց ինքը վավերական չէ: Այսինքն՝ տարօրինակ բան: Ես շատ ուրախ եմ, որ մենք նկատել ենք այս խնդիրը և ուղղում ենք: Հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2024 թվականի հունվարի 1-ից այլևս որևէ կնիք ունենալու անհրաժեշտություն չեն ունենալու: Ժամկետը պայմանավորված է նաև նրանով, որ մենք տասնյակ տարիներ բոլոր օտարերկրյա պետություններին իրազեկել ենք, որ եթե մեր քաղաքացու անձնագրում այդ կնիքը չկա՝ անձնագիրը վավեր չէ:

Հիմա մենք առաջիկա ամիսների ընթացքում բոլորին պետք է տեղյակ պահենք, որպեսզի հանկարծ այնպես չլինի, որ մենք քաղաքացիներին թույլատրենք հանրապետությունից դուրս գալ, իրենք որևէ օտար երկրում կանգնեն պրոբլեմի առաջ, և արդեն սկսեն հետահայաց աշխատել: Մեր կյանքում բազմաթիվ այսպիսի բաներ կան, որ պետք է գտնել և ուղղակի վերացնել՝ մարդկանց կյանքը հեշտացնելու համար, ընդ որում՝ բոլոր ոլորտներում: Եվ շատ կարևոր է, որ նաև մեր կառավարության անդամները, մյուս գերատեսչությունների ղեկավարներն անընդհատ այս հայացքով նայեն խնդիրներին և փորձեն կոնկրետ լուծումներ տալ»,-արձագանքել է վարչապետը:

Որոշան նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս  որոշմամբ կբարելավվի նաև քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, քանի որ քաղաքացիները ստիպված չեն լինի ՀՀ-ից մեկնելու յուրաքանչյուր դեպքում այցելել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշում կատարելու համար, ինչն էլ իր հերթին կթեթևացնի անձնագրային ծառայություններում գոյացող հերթերը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել