Արցախի դեմ հայտարարված պատերազմը մտել է անչափ արյունալի փուլ: Մի կողմից Ադրբեջանը սեղմում է օղակը, մյուս կողմից` արցախցիները` ով ինչպես կարող է կռվում է:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«9-ամսյա բլոկադայի` սովի, վառելիքի և բոլոր տիպի մատակարարումների բացակայության պայմաններում` արդեն չգիտեմ ոնց` մարդիկ կռվում են:
Ադրբեջանը պատերազմ սկսելուց առաջ, շրջափակման միջոցով թուլացրեց ու նոր միայն հարձակվեց, որովհետև նույնիսկ այս անմխիթար պայմաններում մարդիկ «բոյ են տալիս»:
Իրադրությունը զուտ ծայրահեղ ծանր գնահատելով անհնար է հստակ նկարագրել այն վիճակը, որում այս պահին մեր հայրենակիցներն են»,-նշել է նա:
Սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ, կիրառել հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր, ձեռնարկել են դիրքային առաջխաղացման փորձեր։ Կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում։
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ։