Երբ տունն այրվում է՝ կարևորը հրդեհը մարելն է, հետո պատերի գույնը որոշելը․ նախ՝ իշխանափոխություն, հետո քաղաքային խնդիրների լուծում՝ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Ձայն Հայրենեաց» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ, որի ընթացքում մշակույթի գործիչների ու մտավորականների միավորող կառույցը աջակցությւուն հայտնեց «Մայր Հայաստան» դաշինքին Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում։
Անդրանիկ Թևանյանը մանրամասնեց, որ դաշինքը մտադիր է իշխանությունը փոխել նախ՝ Երևանում, հետո ամբողջ Հայաստանում։
«Մենք, նաև դիտավորյալ, նույնիսկ իրարամերժ տեսակետներ ունեցողներին ներգրավել ենք մեր թիմի մեջ, որ ժողովրդին ցույց տանք՝ տեսե՛ք, ձեզ պառակտել են, մենք՝ միավորում ենք։ Ձեզ թշնամացրել են՝ մենք ուզում ենք համախմբել»,-ասաց նա։
Դաշինքի առաջնորդը հիշեցրեց 1990-ականների իրավիճակը, երբ, օրինակ ՀՅԴ-ն ու ՀՀՇ-ն Երևանում գաղափարական խիստ տարաձայնություններ ունեին, իսկ առաջնագծում կողք-կողքի կռվում էին։ Սարդարապատի հերոսամարտի ժամանակ էլ ոչ մեկը չի հարցրել մյուսի տեսակետը։ Իսկ ֆաշիզմի դեմ պայքարում իրարամերժ լիբերալ-դեմոկրատական աշխարհը միավորվել է կոմունիստական աշխարհի հետ։
«Հիմա մենք այդ մեսիջն էլ ենք տալիս հանրությանը․ ասում ենք՝ իրարամերժ տեսակետներ ունեցողներ, բայց ոչ երբեք պետության թշնամիներ կարող են միավորվել հանուն ընդհանուր գաղափարի։ Ինքս պատրաստ եմ այդ՝ անձնական պատասխանատվությամբ, մեր թիմը պատրաստ է ընդհանուր՝ թիմային պատասխանատվությամբ իշխանափոխության գործընթացը ստանձնելու»,-վստահեցրեց Անդրանիկ Թևանյանը։
Նա շնորհակալություն հայտնեց բոլոր այն կազմակերպություններին, որոնք սատարել և սատարում են «Մայր Հայաստան» դաշինքին։ Փաստեց, որ դաշինքը ընտրություններին մասնակցող միակ ուժն է, որն ունի աջակցող կառույցներ, որոնք կշիռ, հարգանք ու պատիվ ունեն և անհատներ, որոնք ամբողջ կառույց արժեն։ Այս աջակցությունը դաշինքին պարտավորեցնում է և ստիպում ավելի վճռական լինել։