Կառավարությանը վերապահված է լիազորություն՝ սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող միջոցների գները, եւ այս պարագայում նաեւ անհրաժեշտություն է առաջացել հավաստագրերի հիմքով տրամադրել նաեւ վերանորոգման հավաստագրեր, եւ Կառավարությունը, որպեսզի կարողանա սահմանել դրանց գնային միջակայքը եւ գները հստակ, անհրաժեշտություն է առաջացել ապահովել լիազորող նորմ. Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 11-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով Կառավարության հեղինակած ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը՝ ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը: Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ ելնելով իրավակիրառ պրակտիկայից՝ իրականացվում են որոշակի տեխնիկական շտկումներ:
Փաթեթի նպատակն է հստակեցնել օրենքի լիազորող նորմերը: Որոշ լիազորող նորմեր խմբագրվել են, իսկ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքից հանվել է տարեկան ծրագրին առնչվող լիազորող նորմը: Օրենքից առաջարկվում է հանել նաեւ «հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման միջոցառումների ծրագիրը» հաստատելու նորմը, իսկ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքից՝ «հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների եւ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ ներդնելու ծրագիրը» հաստատելու նորմը, քանի որ նախատեսվել է դրանք չհաստատել որպես առանձին ծրագրեր, այլ դրանց իրականացմանն առնչվող գործողություններն արտացոլել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագրում:
Նախատեսվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման, ինչպես նաեւ աջակցող միջոցների տրամադրման մեթոդական ուղեցույցների մշակումն իրականացնել ըստ անհրաժեշտության՝ հաշվի առնելով որոշ դեպքերի առանձնահատկությունները: Անձի ֆունկցիոնալության գնահատմանն անցնելու համատեքստում անհրաժեշտ է սահմանել համապատասխան կարգավորումներ միջպետական Համաձայնագրի դրույթներն իրագործելու համար: Նախագծով Կառավարությանը լիազորվում է սահմանել այդ առանձնահատկությունները:
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Մարիամ Պողոսյանը:
Մտքերի փոխանակության ընթացքում ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն անդրադարձել է դեղապահովման հարցին՝ նշելով, որ գործող օրենքով առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք դեղերը 100 տոկոսով ստանում են պետության կողմից, իսկ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք՝ 50 տոկոս փոխհատուցմամբ, այսինքն՝ 50 տոկոսը վճարում են երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք: «Գործող օրենքի փոփոխությամբ նախատեսվում է, որ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կամ անձի ֆունկցիոնալության թեթեւ խանգարում ունեցող անձինք եւս հարյուր տոկոս կստանան դեղերի փոխհատուցում»,- ասել է պատգամավորը:
Պատգամավոր Զարուհի Բաթոյանը ներկայացրել է իր մտահոգություններն առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ՝ նախաձեռնության հեղինակներին առաջարկելով վերանայել նախագծի որոշ դրույթներ: «Տարեկան ծրագիրը պետք է պահպանենք»,- ասել է նա՝ հավելելով, որ չպետք է վախենալ լրացուցիչ ծրագրերից եւ ջանքերից՝ հաշվի առնելով, որ հաշմանդամություն ունեցող անձինք մեր երկրում ամենախոցելի խավն են: Պատգամավորը հորդորորել է չհրաժարվել նաեւ մեկ այլ՝ «հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման միջոցառումների ծրագրի» լիազորող նորմից: