ՊԲ ստորաբաժանումները դիվերսիոն ներթափանցում չեն կատարել, ականներ չեն տեղադրել. Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դիվերսիոն ներթափանցում են կատարել և տեղադրել են ականներ, ինչի հետևանքով սեպտեմբերի 10-ին` ժամը 13։30-ի սահմաններում ականապայթունային վիրավորում է ստացել ադրբեջանցի զինծառայող, ամբողջությամբ մտացածին և կեղծ է։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ինչպես արդեն նշել ենք, վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ-ն կտրուկ մեծացրել է ստահոդ հաղորդագրությունների հրապարակման հաճախականությունը, որոշակիորեն փոխվել է նաև այդ կեղծ հաղորդագրությունների բնույթը. եթե մինչ այժմ ադրբեջանական կողմը ՊԲ-ին ներկայացնում էր հրադադարը խախտելու կամ զենք-զինամթերքի փոխադրման կեղծ մեղադրանքներ, ապա այժմ հնչեցնում է դիվերսիոն գործողություններ իրականացնելու կամ այդպիսի գործողությունների նախապատրաստություն կատարելու վերաբերյալ շինծու մեղադրանքներ։

Ադրբեջանի ՊՆ նման պնդումները իրականության հետ որևէ աղերս չունեն։ Այդ եղանակով ադրբեջանական կողմն իրականացնում է հերթական սադրանքի տեղեկատվական ակտիվ նախապատրաստություն»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել