ՏՀԶԿ վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կազմակերպության անդամ երկրներում կոռուպցիոն դեպքերի 68 տոկոսը գնումների ոլորտում են արձանագրվում։
Այս մասին ասաց Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի նախագծի հանրային քննարկմանը, որը կազմակերպվել էր օգոստոսի 29-ին՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Իրավունքի Եվրոպա միավորման, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ), ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից։
Ավագ Ավանեսյանի խոսքով՝ Ֆինանսների նախարարության ընդհանուր քաղաքականությունը գնումների ոլորտում բացարձակ թափանցիկություն ապահովելն է։
«Ցանկացած կոռուպցիոն դեպք նշանակում է ՀՀ քաղաքացիների՝ տաժանակիր աշխատանքով վաստակած միջոցների վատնում։ Մեր նպատակն է բոլոր այդպիսի դեպքերը բացահայտել, հնարավորինս նվազեցնել։ Հասկանում ենք՝ այն երազանքը, որ կոռուպցիոն դեպքերը կհասնեն 0-ի, գրեթե անհնարին է, քանի որ զարգացած աշխարհը չի կարողանում այդ խնդիրը լուծել, բայց պետք է փորձենք դա անել։ Մենք շարունակելու ենք մեր քայլերը բացարձակ թափանցիկության հասնելու ճանապարհով»,-նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ ռազմավարության ոչ արդյունավետ իրականացումը միջոցների վատնման հնարավորություն է տալու։
Մանրամասները՝ տեսանյութում