Քանաքեռ-Զեյթունում շինաշխատանքներով պայմանավորված փոշու ամպեր են գոյացել․ արդյո՞ք վարչական իրավախախտման արձանագրություն կազմվել է։
Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։
Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանն ասաց, որ տեսուչները ուրբաթ երեկոյան մոտեցել են և նախազգուշացրել, որ միջոցներ ձեռնարկվեն, այսօր ևս տեղազննություն է լինելու, և, ըստ դրա, վարչարարություն է իրականացվելու։
Ավինյանը նշեց, որ պետք է պրոակտիվ լինել, և խոշոր շինարարություն իրականացնողները արդեն պիտի տեղեկացված լինեին, որ այս խնդիրը ուշադրության կենտրոնում է և անիմաստ խոսակցություններով չեն զբաղված․ «Եթե շինարարները չեն հասկանում, որ մենք ուղղակի չենք խոսում, պետք է հետևանք լինի, դա նշանակում է, որ այդ հետևանքը զգալի չէ իրենց համար, չեն մտածում, որ կոնկրետ քայլեր կձեռնարկենք։ Հիմա գնացեք, կոնկրետ այդ դեպքով ինչ իրավախախտում է տեղի ունեցել, համապատասխան արձանագրությունը կազմեք։ Ու ամեն օր»,- զգուշացրեց Տիգրան Ավինյանը։
Նա նշեց, որ եթե փոշու հետ կապված որևէ ահազանգի դեպքով, եթե որևէ տեսանյութ հասանելի է դառնում իիրեն, նշանակում է՝ առաջին հերթին նրանց պետք է հասանելի դարձած լիներ, արդեն պետք է գնացած և տվյալ շինարարին տուգանած լինեին։
Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետն էլ ասաց, որ մինչև սեպտեմբերի 1-ը տվյալները կփոխանցեն տեսչական մարմնին, իսկ սեպտեմբերի 1-ից հետո հնարավորություն կունենան վարչարարություն իրականացնել։
Տիգրան Ավինյանը, դիմելով բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցչին, դիտարկում արեց, թե ինչպես է ստացվում, որ տեսչական մարմինը հետևողական գնում և տուգանում է Կենտրոնի շենքերի լվացման առնչությամբ, բայց Քանաքեռ-Զեյթունի փոշու ամպերը տեսանելի չէ նրանց համար։ «Այսինքն, այն հսկայական փոշու ամպերը, որ տարածվել էր քաղաքով, տեսանելի չէր, Կենտրոնի շենքերի լվացու՞մն էր տեսանելի»։
Մանրամասները՝ տեսանյութում