68-ամյա խաղաղ բնակչի այսօրվա առևանգումն ադրբեջանական զինված ծառայողների կողմից պատերազմական հանցանք է․ Արման Թաթոյան

Ադրբեջանական ներկայությունը Լաչինի միջանցքում` Հակարի կամրջի վրա բացահայտ անօրինական է, հանցավոր: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա խաղաղ բնակչի այսօրվա առևանգումն ադրբեջանական զինված ծառայողների կողմից պատերազմական հանցանք է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Մասնավորապես, սա խաբեությամբ տեղի ունեցած հանցավոր արարք է, որ արգելված է հենց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությանը վերաբերող կանոններով:

Պրակտիկայի հանաձայն` մարդկանց Հայաստան տեղափոխելուց առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այդ մասին տեղեկացնում է ադրբեջանական կողմին և նրանց տրամադրում է ցուցակ` այդ կերպ համաձայնեցնելով մարդկանց տեղափոխումը Հայաստան: Նույնը, բնականաբար, տեղի է ունեցել Վագիֆ Խաչատրյանի պարագայում:

Փաստորեն, Արցախի բնակչին ադրբեջանական զինված ծառայողները մտադրված խաբեությամբ տարել են իրենց մոտ ու առևանգել են: Ակնհայտ է, որ նրա կյանքին վտանգ է սպառնում և որ դա նրանք արել են նաև քաղաքական հաշվարկներով:

Այս արարքն ուղղակիորեն արգելված է 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաներին լրացնող և միջազգային զինված հակամարտությունների զոհերի պաշտպանությանը վերաբերող արձանագրության (Արձանագրություն I, 8 հունիսի 1977 թ.) 37-րդ հոդվածով:

Այն, ինչ այսօր տեղի է ունեցել, առավել է ապացուցում, որ ադրբեջանական առավել ևս զինված ներկայությունը բացահայտ անօրինական է: Դա նոր հանցանքների աղբյուր է` մարդկանց բռնի անհետացումներ, առևանգումներ և այլն:

Խոսքը ցանկացած հայկական բնակավայրի մոտ ադրբեջանական բոլոր ներկայությունների մասին է: Այս հանցավոր արարքները շարունակվելու են, քանի դեռ շարունակվում է ադրբեջանական իշխանության ցեղասպան քաղաքականությունը, ինչպես նաև պատախանատվության բացարձակ բացակայությունը»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել