ՀՀ մարդու իրավունքների պաշտպամ Անահիտ Մանասյանի հայտարարությունը՝ Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա տղամարդուն ադրբեջանցիների կողմից արգելանքի վերցնելու դեպքի առնչությամբ․
«Ստացված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանն արգելանքի է վերցրել բուժման նպատակով Կարմիր խաչի միջոցով այսօր՝ հուլիսի 28-ին ՀՀ բուժհաստատություն տեղափոխվող Լեռնային Ղարաբաղի 68-ամյա քաղաքացուն:
Խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կապ է հաստատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործընկերների հետ, շարունակում է իրականացնել փաստահավաք աշխատանքներ:
Դեպքի առնչությամբ մանրամասներ ճշտելուց հետո Պաշտպանը կդիմի նաև մարդու իրավունքների մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին»:
Ինչպես հայտնել է Արցախի ՄԻՊ-ը․ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։
Հարազատներից, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկը առևանգված բուժառուի մոտ չէ։ Այս պահին ճակատագիրը անհայտ է։
Դեպքի վերաբերյալ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից շարունակվում է փաստերի հավաքագրումը