2023 թվականի հուլիսի 27-ին դատախազի որոշումներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել հոր և որդու՝ Ա.Ս.-ի և Ս.Ս.-ի, ինչպես նաև գործարար Ա.Պ.-ի նկատմամբ:
Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Քրեական վարույթով պարզվել է, որ արտակարգ և լիազոր դեսպան Ա.Ս.-ն, վերջինիս որդի, դիրիժոր Ս.Ս.-ն և գործարար Ա.Պ.-ն 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը:
Հավելենք նաև, որ խոսքը Արմեն և Սերգեյ Սմբատյանների մասին է։
Մասնավորապես՝ Ա.Ս.-ն իր որդի Ս.Ս.-ի անվամբ գործարարական գործունեություն չծավալելու պատրվակով, իր ազգական Հ.Ա.-ին համոզել է Ս.Ս.-ի համար հիմնադրել «Սոխոսենթր» ՍՊ ընկերությունը, ինչից հետո Հ.Ա.-ն և 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Հ.Պ.-ի մտերիմ Գ.Դ.-ն 2012 թվականի փետրվարի 17-ին հիմնադրել են «Սոխոսենթր» ՍՊ ընկերությունը: Հիմնադրումից 4 օր անց՝ 2012 թվականի փետրվարի 21-ին, Ընկերության տնօրեն Ն.Կ.-ի կողմից Երևանի քաղաքապետին է ներկայացվել ներդրումային ծրագիր, որով առաջարկվել է Հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու համար «Սոխոսենթր» ընկերությանը տրամադրել Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասը: Ընկերությունը պարտավորվել է 800 մլն դրամ ներդրումային ծավալ ունեցող «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումից բացի, իրականացնել նաև 102 մլն դրամի լրացուցիչ մակերեսի կառուցապատման աշխատանքներ՝ «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի պայմանները բարելավելու նպատակով:
Երևանի քաղաքապետը եզրակացություն ստանալու համար ՀՀ մշակույթի նախարար Հ.Պ.-ին է հասցեագրել առաջարկված ներդրումային ծրագիրը, որին ի պատասխան՝ Հ.Պ.-ն, տեղեկացված լինելով «Սոխոսենթր» ՍՊ ընկերության կողմից հողատարածքը ոչ ուսումնական նպատակով օգտագործելու և դրա վրա բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու իրական մտադրության մասին, չի առարկել ներկայացված ներդրումային ծրագրի դեմ:
Նշված ծրագրին իր համաձայնությունն է տվել նաև «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ը՝ ի դեմս տնօրեն Մ.Կ.-ի, որն իր հերթին հանդիսացել է «Սոխոսենթր» ՍՊ ընկերության տնօրեն Ն.Կ.-ի եղբայրը:
Արդյունքում՝ ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 1052-Ա որոշմամբ, հաստատվել է վերոնշյալ ծրագիրը: Կառավարության որոշման 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ մշակույթի նախարար Հ.Պ.-ն լիազորվել է հողամասի ու կաթսայատան նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման և «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման իրականացման պարտավորություններն ապահովելու նպատակով կնքել գրավի պայմանագիր (որպես գրավի առարկա նախատեսվել է Կողբացի 36 հասցեում գտնվող 300 քմ մակերեսով հողամասը և 35.3 քմ մակերեսով կաթսայատունը` մինչև նշված աշխատանքների ավարտն ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շահագործման հանձնելը):
Այնուհետև, ՀՀ մշակույթի նախարար Հ.Պ.-ն, իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով, 2012 թվականի դեկտեմբերի 3-ին «Սոխոսենթր» ՍՊ ընկերության հետ կնքել է «Գույքի օտարման և գրավի» և «Գլխավոր կապալի» պայմանագրեր՝ դրանցում դիտավորությամբ չներառելով Կառավարության որոշմամբ սահմանված գլխավոր ներդրումային պարտավորությունը, այն է՝ «Սոխոսենթր» ՍՊ ընկերության կողմից «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու ներդրումային ծրագրով սահմանված 800 մլն դրամի պարտավորության կատարումը: Արդյունքում՝ Հ.Պ.-ն «Սոխոսենթր» ՍՊ ընկերության բաժնետերերին հնարավորություն է տվել առանց նշված պարտավորության կատարման՝ 2016 թվականի նոյեմբերի 3-ին գրանցել ընկերության սեփականության իրավունքը Երևան քաղաքի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասի նկատմամբ՝ պետությանը պատճառելով 966 մլն 103 հազար դրամի գույքային վնաս:
Հսկող դատախազի 2023 թվականի հուլիսի 27-ի որոշումներով՝ Ա.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), Ս.Ս.-ի նկատմամբ՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն) և Ա.Պ.-ի նկատմամբ՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն):
2023 թվականի հուլիսի 29-ին Ա.Ս.-ն և Ս.Ս.-ն ձերբակալվել են: Միջոցներ են ձեռնարկվում Ա.Պ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: