Համապատասխան լիցենզիա չունեցող ոչ մի կազմակերպություն իրավունք չունի բժշկական ծառայություն մատուցել. ԱՆ

Բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա չունեցող և բժշկական կրթություն չունեցող անձանց կողմից բուժծառայությունների մատուցման խնդիրն արդիական է բոլոր ժամանակներում:

Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։

Համապատասխան լիցենզիա չունեցող ոչ մի կազմակերպություն իրավունք չունի բժշկական ծառայություն մատուցել: Խնդիրներից խուսափելու համար առողջապահության նախարարությունը հորդորում է առողջությունը վստահել միայն լիցենզավորված կազմակերպությունների բուժաշխատողներին, քանի որ դեռ կան կազմակերպություններ և մարդիկ, ովքեր փորձում են շրջանցել օրենքը և մատուցել բժշկական օգնության ծառայություններ` չունենալով դրա համար համապատասխան լիցենզիա և բժշկական կրթություն (ի թիվս այլնի` կոսմետոլոգիական տեսակով):

Առողջապահության նախարարության գերակա նպատակը պացիենտների իրավունքների պաշտպանությունն է, ինչի համար էլ բժշկական օգնության և սպասարկման իրականացումը ենթակա է լիցենզավորման, իսկ բուժաշխատողի մասնագիտական գործունեությունը` հավաստագրման:

Կառավարության որոշման համաձայն` բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիայի պատճենները բժշկական հաստատությունները պարտավոր են փակցնել սպառողների համար տեսանելի հատվածում:

Դրանց բացակայության պարագայում պացիենտը կարող է պահանջել և ծանոթանալ կազմակերպության լիցենզիայի մասին տեղեկատվությանը: Այդպիսին չլինելու դեպքում` քաղաքացին կարող է հրաժարվել բուժծառայություններից և այդ մասին գրավոր տեղեկացնել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին կամ Առողջապահության նախարարությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել