Արցախը 228 օր է շրջափակման մեջ է։
Ադրբեջանը մեկ ամսից ավել է, ինչ արգելափակել է բոլոր տեսակի բեռների և հումանիտար փոխադրումները դեպի Արցախ։
Հայաստանը հուլիսի 26-ին 360 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել, որպեսզի հասցվի Արցախի ժողովրդին։ Հումանիտար բեռներ տեղափոխող բեռնատարները հասել են Կոռնիձոր՝ սպասելով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության արձագանքին, որպեսզի հնարավոր լինի բեռները հասցնել Արցախի Հանրապետության տարածք։ Ուղարկված բռները մեկ օրից ավելի է, ինչ գնտվում են Կոռնիձորում։ Ադրբեջանը թույլ չի տալիս մարդասիրական բեռները, որոնց մեջ նաև մանկական սնունդ ու դեղորայք է, անցնի ԱՀ տարածք։
Հուլիսի 27-ին Ադրբեջանի ԱԳ նախարարությունում հավաքել են երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներին և հումանիտար օգնությունը ներկայացրել որպես հայկական կողմից կազմակերպված սադրանք։
Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ որոշումը ու փաստել․ «Դեկտեմբերի 12-ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել․
«Դատարանը համարում է, որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է, դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար»,-ասվում է դատարանի որոշման մեջ։
Սակայն փաստն այն է, որ ճանապարհը դեռ փակ է։
Ադրբեջանի վրա միջազգային ճնշումների բացակայության պատճառով արցախահայությունը կանգնած է հումանիտար աղետի առաջ։ Միջազգային հանրության անատամ կոչերը մինչև այս պահն անտեսվել են Ադրբեջանի ղեկավարության կողմից։
Արդեն 228 օր է խախտվում են մարդու հիմնարար իրավունքները, իսկ միջազգային կազմակերպությունները և պետությունները լուռ են։
Ադրբեջանական կողմից ահաբեկչական վարքագծի պատճառով Շուշիի շրջանի գյուղերը ամբողջությամբ կտրված են Արցախի մայրաքաղաքից ու մյուս բնակավայրերից:
Նշենք, որ հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը․ «Այդ շրջափակումը բնապահպանական քողի տակ հետապնդում է Ադրբեջանի բռնատիրական ղեկավարության կոռուպցիոն նկրտումների իրացումը՝ տիրանալու Արցախի տնտեսության կարևորագույն հարստություններին»: