Անտանելի է դառնում նաև Ռուսաստանի Դաշնության՝ անընդհատ պատճառաբանություններ բերելու և լուծում չտալու մոտեցումը․ Արցախի պետնախարար

Հայաստանի Հանրապետության իշխանությունները հայտարարել և հայտարարում են, որ անհրաժեշտ է Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն՝ միջազգային մեխանիզմի շրջանակում: Այս մասին հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Արցախի ժողովուրդը ևս հասկանում է, որ երկխոսությունն անհրաժեշտ է՝ խոսելու, քննարկելու, մեր իրավունքները՝ այդ թվում ինքնորոշման իրավունքը ներկայացնելու և պաշտպանելու, տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն նպաստելու համար:

Բայց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի երեկվա հայտարարությունից պարզ է դառնում, որ ՀՀ կողմից արդեն որոշվել է այդ երկխոսության ընթացքում քննարկման ենթակա հարցերի շրջանակը, կամ ՀՀ-ն համաձայնվել է Ադրբեջանի կողմից առաջարկված քննարկման առարկայի հետ:

Հիմա կամ ՀՀ կողմից պետք է հերքվի այդ հանգամանքը, կամ պետք է արձանագրենք, որ անասելի չափ իջեցվել է նաև Բաքու-Ստեփանակերտ երկխոսության «նշաձողը»: Սա շատ կարևոր է, որպեսզի հայ ժողովուրդը, այդ թվում՝ արցախահայությունը, հասկանան իրենց հետագա անելիքները:

Անտանելի է դառնում նաև Ռուսաստանի Դաշնության՝ անընդհատ պատճառաբանություններ բերելու և ստեղծված աղետալի իրավիճակին այդպես էլ առարկայական լուծում չտալու մոտեցումը:

Հետաքրքիր է, թե ինչու ոչինչ չեն խոսում ամեն գնով Բաքու-Ստեփանակերտ երկխոսության և դրանից հետո հզորանալու ու հաղթանակներ արձանագրելու թեզի գաղափարակիրները»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել