Քննարկվել են ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի խորհրդատվական կարծիքները

Հուլիսի 21-ին ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների եւ այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ Երեւանում քննարկվել են ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի մշակած խորհրդատվական կարծիքները։

Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը եւ ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Քաղաքացիական հասարակության պլատֆորմի գործընկերներին կատարված աշխատանքի համար եւ կարեւորել ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման շրջանակներում կառավարության եւ քաղաքացիական հասարակության միջեւ ձեւավորված ինստիտուցիոնալ համագործակցությունը:

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ի թիվս այլ հարցերի, կարեւորել է քաղհասարակության դերը ՀԸԳՀ-ի իրականացման մշտադիտարկման հարցում և ընդգծել այդ ջանքերը հնարավորինս մասնակցային կազմակերպելու անհրաժեշտությունը` այդ ոլորտում նախկինում քաղհասարակության կատարած աշխատանքների հաշվառմամբ:

Համանախագահ Լուսինե Հակոբյանը ընդգծել է ՀԸԳՀ-ով ստանձնած պարտավորությունների կատարման մշտադիտարկման ոլորտում քաղհասարակության ջանքերն ի մի բերելու Պլատֆորմի մտադրությունը, այդ թվում` «Գործընկերություն հանուն բաց հասարակության» և «Հակակոռուպցիոն կոալիցիայի» ջանքերը:

Առանձին երեք նիստերով քննարկվել են հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանի «Հակակոռոպցիոն կրթության եւ շահերի բախման վերաբերյալ միջազգային եւ Հայաստանյան օրենսդրության եւ պրակտիկայի ուսումնասիրություն՝ ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ով ստանձնած հանձնառությունների լույսի ներքո» զեկույցը, Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի «Կայուն ձեռնարկատիրությունը եւ կայուն զբաղվածությունը ՀՀ-ում» զեկույցը եւ ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչներ Աննա Բարիկյանի, Արսեն Իգիթյանի, Տիրուհի Նազարեթյանի «Միավորման ազատությունը եւ սոցիալական գործընկերությունը Հայաստանի Հանրապետությունում» զեկույցը։

Ըստ Սյուզաննա Սողոմոնյանի՝ խորհրդատվական կարծիքը մշակելիս ուսումնասիրվել են վերջին տարիներին ՀՀ-ում իրականացված հակակոռուպցիոն միջոցառումները և դրանց արդյունքները, միջազգային գործընկերների կողմից տրված հանձնարարականները՝ մեծապես ուշադրություն դարձնելով ՀՀ 2018-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությանը և դրա իրականացման միջոցառումների ծրագրին, քանի որ վերջինս հանդիսանում էր ՀԸԳԾ-ի կատարումն ապահովող ճանապարհային քարտեզներով նախատեսված ինքնուրույն գործողություն։ Ըստ այդմ, պետք է նշել, որ հակակոռուպցիոն կրթության մասով անելիքներ դեռ շատ կան, թիրախում պահելով ողջ հանրությանը․ սկսած մանկապարտեզից մինչև ավագ սերունդ։ Նաև հարկ է շեշտել, որ հակակոռուպցիոն կրթության ոլորտում կատարված գործողությունները ներկայացվել են երկու մակարդակում․ որակական և քանակական։ Ընդ որում, քանակական առումով եթե որոշ գործողություններ կատարվել են ամբողջովին, ապա որակական առումով գործողությունների ազդեցության և արդյունքի գնահատում չի կատարվել ՀՀ կառավարության կողմից։ Շահերի բախման ինստիտուտի դեպքում 2022 թվականի դեկտեմբերին կատարված օրենսդրական փոփոխությունների ուժով, բավականաչափ բարելավվել է ինստիտուտը, սակայն այստեղ դեռևս անելիքներ կան՝ ինչպես օրենսդրական մակարդակում, այնպես էլ հակակոռուպցիոն ընկալման փոփոխման համատեքստում։

Մասնակիցները նաեւ հարցուպատասխանի միջոցով են առավել մանրամասն ծանոթացել զեկույցներին եւ ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները։


Տեղեկատվություն․
2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ ստորագրված, եւ 2021 թվականի մարտի 1-ից   պաշտոնապես ուժի մեջ մտած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ- CEPA) 366 հոդվածով ստեղծվել է քաղհասարակության երկկողմ Պլատֆորմ՝ բաղկացած Եվրամիության քաղհասարակության ներկայացուցիչներից եւ Հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչներից։

Հայաստանից Պլատֆորմի մաս են կազմում հայաստանյան ՀԿ-ների, Արհմիությունների կոնֆեդերացիայի եւ Գործատուների միությունների ներկայացուցիչները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել