Շարունակում ենք ականատես լինել արտահայտվող մտահոգությունների, բայց ոչ գործնական քայլերի. ՄԻՊ

Մենք շարունակում ենք ականատես լինել արտահայտվող մտահոգությունների և հայտարարությունների միայն, բայց ոչ գործնական քայլերի:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ` տված հարցազրույցի ժամանակ այս մասին ասել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Աշխարհում որևէ երկրի օմբուդսմենի հասատությունը այդ աստիճան և այդպիսի խորությամբ փաստահավաք աշխատանքներ չի իրականացնում իր մանդատի շրջանակներում` իր ժողովրդի իրավունքների խախտումների մասին արձանագրող և բարձրաձայնող: Բոլոր զեկույցներն ուղիղ դրվում են միջազգային տարբեր դերակատարների սեղաններին. մենք չենք բավարարվում միայն մի խողովակով նրանց հասցնելով, այսինքն` ոչ միայն հրապարակում ենք դրանք, այլ նաև` առանձին էլեկտրոնային հասցեներով ուղարկում ենք հազարավոր մարդկանց, խնդրում մեր ներկայացուցչություններին և Հայաստանի Հանրապետության դիվանագետներին տարբեր երկրներում ուղիղ տպագիր տարբերակով այդ զեկույցները, հայտարարությունները տարածել միջազգային կազմակերպություններում և տարբեր պետությունների արտաքին քաղաքական գերատեսչություններում:

Ինչու՞ է, սակայն, այս վիճակը: Ես առիթ ունեցել եմ խոսելու դրա մասին և Ազգային ժողովում կայացած տարեկան հաղորդման շրջանակներում ունեցած ելույթիս ընթացքում նշել եմ, որ մարդու իրավունքների պաշտպանության օրակարգը մղվել է երկրորդ պլան: Տարբեր քաղաքական, աշխարհաքաղաքական, տնտեսական շահերից ելնելով` պետությունները շատ հաճախ վճռականություն չեն ցուցաբերում մարդու իրավունքների պաշտպանությունը գործնական քայլերով ապացուցելու համար: Ես միայն սա եմ տեսնում: Այսինքն` իրազեկման, ահազանգման այն բոլոր գործողությունները, որոնք իրականացվել և այսօր էլ շարունակում են իրականացվել ոչ միայն մեր, այլ նաև սփյուռքյան մեր կառույցների, Արցախի արտաքին գործերի նախարարության կողմից, տարբեր անհատների կողմից, ավելի քան բավարար են համարժեք պատասխան տալու և արձագանքելու համար:

Բայց, ցավոք սրտի, մենք շարունակում ենք ականատես լինել մտահոգությունների և հայտարարությունների միայն, և ոչ գործնական քայլերի: Ես, ամեն դեպքում, կարծում եմ, որ մենք չպետք է հուսալքվենք, այլ, պետք է նաև դատապարտենք միջազգային հանրության այդ վարքագիծը` պահանջելով, որ մտահոգություններից արդեն մեկ քայլ առաջ անցնեն` կատարեն գործնական քայլեր, այդ թվում` Ադրբեջանի նկատմամբ պատժիչ գործողությունների կիրառում: Կարծում եմ, որ մեր համառության, վճռականության և հուսալի աշխատանքի շնորհիվ մի օր նաև այդ արդյունքը կարող ենք գրանցել»,-նշել է Գ.Ստեփանյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել