Նատալյա Արզաքանցյանը որոշել է, որ Երևանի ավագանու ընտրություններում «Ուժը հայրենյաց» կուսակցության ընտրական ցուցակը պետք է գլխավորի հայուհի։
Այս մասին հայտնում են «Ուժը հայրենյաց» կուսակցությունից։
«Նատալյա Արզաքանցյանը նպատակահարմար է գտնում աշխատել թիմում` ի շահ Երևանի և երևանցիների, ապահովել մեր երազանքների մայրաքաղաքի առաջընթացը:
Այսպիսով, ցանկանում ենք տեղեկացնել, որ «Ուժը հայրենյաց» կուսակցության ընտրական ցուցակը կգլխավորի արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Նելլի Հարությունյանը։
Նելլի Հարությունյանը տասնամյակներ շարունակ աշխատել է իրավապահ համակարգում։ Նա զբաղեցրել է մի շարք պաշտոններ։ Եղել է ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետը, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ավագ քննիչ, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի իրավաբանական վարչության պետը։ Մինչ օրս «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ գլխավոր տնօրենի իրավախորհրդատուն է։
Միայն մե՛նք կարող ենք ստեղծել մեր երազանքների քաղաքը…»,-ասվում է կուսակցության հաղորդագրության մեջ։