Սահմանադրությունը՝ Ազգային ժողովին քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ առաջարկելու իրավունքի մասին․ «ՀայաՔվե»

ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածի 6-րդ կետը սահմանում է, որ ընտրական իրավունք ունեցող առնվազն հիսուն հազար քաղաքացի ունի Ազգային ժողովին քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ առաջարկելու իրավունք:

Նշենք, որ մեկնարկել է «ՀայաՔվե» քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնությունը, որն առաջարկում է քրեականցնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն:

Ըստ Սահմանադրության 204-րդ հոդվածի՝

1. Եթե Ազգային ժողովը մերժում է Սահմանադրության 109-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ներկայացված օրենքի նախագծի ընդունումը, ապա մերժումից հետո` վաթսուն օրվա ընթացքում, օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը ընտրական իրավունք ունեցող ևս երեք հարյուր հազար քաղաքացու միանալու դեպքում նախագիծը դրվում է հանրաքվեի, եթե Սահմանադրական դատարանը նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող: Քաղաքացիական նախաձեռնության մասնակիցների ստորագրությունների վավերականությունը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

2. Հանրաքվեի միջոցով ընդունված օրենքները կարող են փոփոխվել միայն հանրաքվեով: Նման փոփոխություն կարող է կատարվել համապատասխան օրենքի ընդունումից առնվազն մեկ տարի հետո:

3. Հանրաքվեի չեն կարող դրվել այն օրենքների նախագծերը, որոնք վերաբերում են սահմանադրական օրենքների իրավակարգավորման առարկային, պետական բյուջեին, հարկերին, տուրքերին, այլ պարտադիր վճարներին, համաներմանը, պետության պաշտպանությանը և անվտանգությանը, միջազգային պայմանագրերին, ինչպես նաև Հանրաքվեի մասին օրենքով սահմանված այլ հարցերի:

Սահմանադրության 206-րդ հոդվածով սահմանված է, թե ինչ կարգով է նշանակվում հանրաքվեն։ Այսպես՝ քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից` Սահմանադրությանը համապատասխանության մասին որոշումն ընդունվելուց, ինչպես նաև Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը նշանակում է հանրաքվե: Հանրաքվեն անցկացվում է հանրաքվե նշանակվելուց ոչ շուտ, քան հիսուն, և ոչ ուշ, քան վաթսունհինգ օր հետո:

Ըստ Սահմանադրության 207-րդ հոդվածի՝ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը:

Հարկ է նշել, որ Սահմանադրության 208-րդ հոդվածի համաձայն՝ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում:


Նշենք, որ «ՀայաՔվե»-ն առաջարկում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարել՝

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 420.1 և 420.2 հոդվածներով.

«Հոդված 420.1. Արցախը որևէ այլ պետության կազմում ճանաչելը
1. Հայաստանի Հանրապետության անունից Արցախը որևէ այլ պետության կազմում ճանաչելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:

Հոդված 420.2. Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը

1. Հայաստանի Հանրապետության անունից Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Հավելենք նաև, որ նախաձեռնության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ հուլիսի 22-ի դրությամբ ՀայաՔվե ստորագրահավաքին միացել է 38 501 ՀՀ քաղաքացի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել