Արցախցի լրագրողները Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածից կոչ են ուղղել օկուպացված Շուշիում ընթացող Գլոբալ մեդիա ֆորումի մասնակիցներին

Հուլիսի 22-ին, արցախցի մի խումբ լրագրողներ խաղաղ ակցիա են իրականացրել Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհահատվածին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ակցիայի մասնակից լրագրողները Արցախի Հանրապետության լրագրողների համայնքի կողմից մարդկային և մասնագիտական կոչ են ուղղել Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում ընթացող Գլոբալ մեդիա ֆորումի մասնակիցներին.

«Հաշվի առնելով, որ դուք՝ ավելի քան 120 լրատվամիջոցներից և 50 երկրներից, այցելել եք Ադրբեջան՝ նրա բռնապետական ռեժիմի հրավերով,

Հաշվի առնելով աշխարհում խոսքի ազատության ապահովման հարցում Ադրբեջանի ամենաբացասական ռեկորդներից մեկը, այդ թվում՝ ներկայումս ազատազրկման և ճնշումների տակ գտնվող բազմաթիվ լրագրողների առկայությունը,

Հաշվի առնելով մանիպուլյացիաների, կեղծիքների և միջազգային լրատվամիջոցների վրա ապօրինի ազդեցության Ադրբեջանի երկարամյա փորձը,

Նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի, այդ թվում՝ Շուշիի բնիկ հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը կեղծելու ադրբեջանական քաղաքականությունը, Ադրբեջանի հակահայկական էթնիկ ատելության և խտրական պետական քաղաքականության լույսի ներքո՝ միջազգային դատարանների և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից արձանագրված բազմաթիվ օրինակներով,

Ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ Ադրբեջանն ավելի քան 7 ամիս շրջափակում և 5 շաբաթ լիակատար շրջափակում է Լեռնային Ղարաբաղի 120,000 բնակչությունը՝ նրանց թողնելով առանց սննդի, դեղորայքի, վառելիքի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների,

Անհանգստանալով Լեռնային Ղարաբաղում վատթարացող սուր հումանիտար ճգնաժամով, սովի բարձր ռիսկերով, նորածինների և չծնված երեխաների մահացության կրկնակի մակարդակով, հղիների շրջանում անեմիայի 90%-ով, հասարակական տրանսպորտի, գյուղատնտեսական և այլ տնտեսական գործունեության դադարեցմամբ, գործազրկության և աղքատության կտրուկ աճով,

Հաշվի առնելով Ադրբեջանի մերժումը կատարելու ՄԱԿ-ի Միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող որոշումները Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և մնացած աշխարհի հետ կապող Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու մասին,

Հաշվի առնելով միջազգային փաստահավաք առաքելությունների, օտարերկրյա լրագրողների և մարդասիրական կազմակերպությունների համար Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու, իրական իրավիճակն արձանագրելու և զեկուցելու համար Ադրբեջանի խոչընդոտները,

Մենք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լրագրողներս, կոչ ենք անում Ձեզ ձեռնարկել հետևյալ քայլերը.

Դադարեցնել Լեռնային Ղարաբաղի, շրջափակման և ընդհանուր հակամարտության վերաբերյալ միայն միակողմանի տեղեկությունների և նարատիվների հաղորդումը,

Դադարեցնել խոսքի ազատության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների դեմ բռնապետական ռեժիմի կողմից աղաղակող խախտումներին աջակցելը,

Գալ ձեզանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող մեր համայնքներ՝ լուսաբանելու մեր ժողովրդի իրական կյանքը և ձեզ Շուշի հրավիրողների ու կերակրողների իրական դեմքը,

Հավատարիմ մնալու ձեր առաքելությանը որպես լրագրող՝ ներկայացնելու ճշմարտությունը և պաշտպանելու մարդու իրավունքները և արժանապատվությունը,

Զերծ մնալ բռնապետական ձեռքում գործիք դառնալուց և էթնիկ զտումների քաղաքականությունը խթանելուց։ Հակառակ դեպքում դուք ծանր պատասխանատվություն եք կրում մարդկության դեմ շարունակվող այս հանցագործության համար:
Դժոխքի կողքին կեղծ դրախտի մասին հաղորդում տալը ո՛չ մարդկային է, ո՛չ մասնագիտական, ո՛չ օրինական:

Մենք հավատում ենք, որ դուք կարող եք փոփոխություն կատարել աշխարհում և փրկել մարդկային կյանքեր:

Մենք ակնկալում ենք ձեր մարդկային և մասնագիտական աջակցությունը՝ ի պաշտպանություն ճշմարտության, մարդու իրավունքների, ազատությունների և արժանապատվության»,- նշված է արցախցի լրագրողների կոչ-ուղերձում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել