Արցախի շրջափակման 223-րդ օրն է լրանում

Արցախը 223 օր է՝ շրջափակման մեջ է։

Այսօր՝ հուլիսի 22-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 13 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Այս մասին hայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:

Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 13 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։

Ավելի քան 200 բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետության մասնագիտական բժշկական կենտրոններ՝ անհապաղ բուժօգնություն ստանալու համար:

Չնայած իրականացված ջանքերին՝ Կարմիր խաչը տևական ժամանակ չի կարողանում ապահովել խիստ անհրաժեշտ դեղորայքի մատակարարում Հայաստանից, քանի որ ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է նույնիսկ դեղորայքի մատակարարումը:

«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 երեխա, 7-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 73 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։

ԱՀ ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը հայտնել է, որ շրջափակման պայմաններում սննդամթերքի մատակարարման և վառելիք չունենալու պատճառով մանկապարտեզների գործունեության շարունակականության հարցը խնդրահարույց է։

«Փորձելու ենք հուլիս ամսվա ընթացքում շարունակել ապահովել  նախադպրոցական հաստատությունների գործունեությունը: Եթե իրավիճակը մնա անփոփոխ, ապա ցավով պիտի նշեմ, որ, ամենայն հավանականությամբ, օգոստոսին  հնարավորություն չենք ունենա ապահովելու մանկապարտեզների գործունեությունը»,-նշել է նախարարը:

Հուլիսի 24-ին՝ ժամը 08:30-ից Երևանում կանցկացվեն ճանապարհների արգելափակման ակցիաներ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբից:

«Համաժողովրդական շարժմանը միացած «Մենք Արցախն ենք» նախաձեռնությունն իրազեկում է՝ հուլիսի 24-ին՝ ժամը 08:30-ից մայրաքաղաք Երևանի տարբեր հատվածներում ճանապարհների արգելափակման ակցիաների մասին։
Խնդրում ենք միավորվել՝ ըստ ձեր գտնվելու վարչական տարածքների՝ ակցիային մասնակցելու։

ԿԱՐԵՎՈՐ❗️❗️❗️

Հուլիսի 24-ին՝ ժամը 19:00-ին, բոլորիդ սպասում ենք Մյասնիկյանի արձանի մոտ», – ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել