ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ բնակչության հիմնարար իրավունքների խախտման վերաբերյալ, որում ասված է.
«Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ արդեն 7 ամսից ավելի Արցախի հայ բնակչությունը գտնվում է հումանիտար շրջափակման մեջ, ինչի հետևանքով մարդասիրական աղետն օր օրի ավելի է խորանում՝ անուղղակիորեն հանգեցնելով անդառնալի հետևանքների, այդ թվում՝ մարդկային կորուստների:
Մասնավորապես, Արցախը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով շարունակաբար խախտվում են մարդկանց, հատկապես՝ խոցելի խմբերի ներկայացուցիչների հիմնարար իրավունքները և ազատությունները, ինչպիսիք են՝ կյանքի, անվտանգության, ազատ տեղաշարժի, սննդի, հոգեկան և ֆիզիկական առողջության պահպանման, բավարար կենսամակարդակի, կրթության իրավունքները, ինչպես նաև բնակիչների արժանապատվությունը՝ որպես մարդու իրավունքների և ազատությունների անքակտելի հիմք։
Ս.թ. հունիսի 22-ից ադրբեջանական իշխանությունները բետոնե արգելապատնեշներով բացարձակ արգելափակել էին ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից հումանիտար օգնության մատակարարումը՝ սրելով Արցախում մարդասիրական իրավիճակը (հումանիտար օգնության տրամադրումը արգելափակվել է դեռևս հունիսի 15-ից)։ Չնայած նրան, որ այս պահի դրությամբ բետոնե պատնեշը հանվել է, սակայն մարդասիրական օգնության (առաջին անհրաժեշտության պարագաների և պարենային ապրանքների) մատակարարումը շարունակում է արգելափակված լինել Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Առաջին անհրաժեշտության իրերի ու սննդի բացակայությունն անձանց թերսնման է հանգեցնում, ինչն էականորեն ազդում է բնակչության առողջական վիճակի վրա: Ավելին, ադրբեջանական կողմը շարունակաբար խոչընդոտում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան բուժառուների տեղափոխմանը, այդ թվում՝ պարբերաբար արգելելու միջոցով։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված փաստերը և վերլուծությունները վկայում են, որ ադրբեջանական իշխանությունների նման գործելաոճը՝ ուղղված Արցախի բնակչության հիմնարար իրավունքների իրացումն անհնարին դարձնելուն, զուգորդված պետության կողմից հովանավորվող հայատյացության քաղաքականությամբ, մեկ հիմնական վերջնանպատակ է հետապնդում՝ հումանիտար ճգնաժամի խորացման միջոցով հայաթափել Արցախը։
Պաշտպանը ևս մեկ անգամ կոչ է անում միջազգային կազմակերպություններին և դերակատարներին գործուն ջանքեր գործադրել՝ կանխելու վերահաս էթնիկ զտումը։
Միևնույն ժամանակ, Պաշտպանի աշխատակազմն իր մանդատի շրջանակում շարունակում է ամենօրյա ռեժիմով տեղեկատվություն ու փաստեր հավաքագրել և տրամադրել միջազգային կազմակերպություններին` Արցախում ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության հետևանքով մարդու իրավունքների շարունակական կոպիտ խախտումների և հումանիտար ճգնաժամի ահագնացող հետևանքների վերաբերյալ»։