Նախատեսվում է նոր ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար հաշվի առնել նաև մահացած համամայր քույրերին և եղբայրներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է նոր ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս՝ հաշվի առնել նաև մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացած համամայր քույրերին և եղբայրներին՝ հարազատ  քույրերի և եղբայրների համար սահմանված կարգով, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնից ստացված կամ քաղաքացու կողմից ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկատվության համաձայն` այդ համամայր երեխայի (երեխաների) ծննդյան ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկությունը լրացվել է մոր գրավոր հայտարարության հիման վրա կամ այդ երեխայի (զավակի) ծննդյան վկայականում հոր մասին տեղեկությունը չի լրացվել:

Iravaban.net-ը հայտնում է, նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) N 1 հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետի «զ» պարբերությամբ ի թիվս այլ դեպքերի, սահմանված է այն դեպքը, երբ երրորդ և ավելի երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելու համար նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի են առնվում նպաստը նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված (անկախ բնակության (հաշվառման) վայրից)` նոր ծնված երեխայի ծնողից (հորից կամ մորից) սերված երեխաները և զավակները (նոր ծնված երեխայի համահայր կամ համամայր քույրերն ու եղբայրները), եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնից ստացված տեղեկատվության համաձայն` այդ երեխայի համամայր քույրերի կամ եղբայրների ծննդյան ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկությունը լրացվել է մոր գրավոր հայտարարության հիման վրա կամ հոր մասին տեղեկությունը չի լրացվել:

Հարկ է նկատի ունենալ, որ հոր մասին տեղեկությունը լրացված չլինելու վերաբերյալ տեղեկատվությունն առկա է ծննդյան վկայականում, ուստի խնդրո առարկա ձևակերպումը հստակեցման կարիք ունի։

Բացի դրանից, Որոշման N 1 հավելվածի 8.1-ին կետով սահմանված է, որ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի են առնվում նաև նոր ծնված երեխայի ծնողներից (հորից և մորից) սերված՝ մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացած երեխաները և զավակները, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք մահացել են պերինատալ շրջանում:

Այսինքն, ի տարբերություն Որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետի («զ» պարբերություն), հավելվածի 8.1-ին կետով կարգավորված չէ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացած երեխաներին և զավակներին  հաշվի առնելու հնարավորություն այն դեպքում, երբ նոր ծնված երեխան և նրա կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխաները համամայր են, իսկ հոր մասին տեղեկությունը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնից ստացված տեղեկատվության համաձայն, լրացվել է մոր գրավոր հայտարարության հիման վրա կամ հոր մասին տեղեկությունը չի լրացվել։ Այս դեպքում նոր ծնված երեխան չի կարող ունենալ իր ծնողներից սերված հարազատ քույրեր, եղբայրներ և, փաստորեն, քաղաքացու վրա դրվում է այնպիսի տեղեկատվություն ներկայացնելու պահանջ, որը հնարավոր չէ կատարել ։

Ըստ այդմ, դրույթը հստակեցման կարիք ունի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել