Ալիևի այսօրվա ելույթից մի հատված կա, որը կուզեմ առանձնահատուկ շեշտել, նա ասում է. «Առաջին ղարաբաղյան պատերազմը երբ ավարտվեց ինձ բոլորն ասում էին՝ ընդունի այս իրողությունները, բայց ես դրանք չընդունեցի: Հիմա ես եմ ասում՝ ընդունեք իրողությունները, քանի որ դրանց փոփոխությունը, անգամ եթե լինի, ձեր օգտին չի լինելու…»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ, նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը
«Նա պարզ ասում է, որ իրեն դրդել են լուծումների, որոնց ինքը չի գնացել: Կոտրում է այն միֆը, որ հայկական կողմը իբր չի գնացել խաղաղ կարգավորման: Ադրբեջանը չի ուզել խաղաղ լուծում, որովհետև դա ենթադրում էր փոխզիջումներ: Ուզել է ռազմական լուծում, որպեսզի վերջնական «փակի» հարցը: Ռազմականով էլ ամբողջին չհասավ, հիմա անցել է հյուծման քաղաքականությանը:
Սա պարզ գործելաոճ է:
Բայց այստեղ ուշագրավն այն է, որ Ալիևը ցույց է տալիս հետևողականության ուժը: Իրականում հաղթում է այն կողմը, ով ավելի հետևողական ու խելացի է գործում, ով անգամ թուլացած վիճակում չի ծնկում, ոտքի է կանգնում, առաջ գնում: Ես, ինչպես ցանկացած բանական մարդ, ատում եմ պատերազմը, ուղղակի ատում, կուզեմ երբեք էլ չլինի մեզ հետ դա: Բայց ես նաև տեսնում եմ, որ հակառակորդը նոր ծրագրեր ունի, մեծ ախորժակ ու դրան հասնելու համառություն, դրա համար այս ծնկած վիճակից ոտքի կանգնել է պետք, ուշքի գալ ու աշխատել, անդադար աշխատել, չհանձնվել, անգամ երբ շուրջդ բոլորը հանձնվում են: Միայն այդպես կարելի է դիմանալ ու պայքարը ավարտել քո հաջողությամբ: Պայքարը միայն զենքով չի, դա նաև խելքի, կամքի, նյարդերի ու հոգեբանական ուժի մասին է»,-նշել է Հայրապետյանը: