Ո՞ւր է ցեղասպան Ադրբեջանի վրա միջազգային հանրության ճնշումը. Երևանում հավաք է՝ ի աջակցություն շրջափակված Արցախի

Ի աջակցություն Ադրբեջանի կողմից արդեն շուրջ 7 ամիս շրջափակված Արցախի Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի հրապարակում հավաք է անցկացվում, մասնակիցները հանդես են գալիս ինչպես ամբողջ աշխարհի հայերին ուղղված միասնության կոչով, այնպես էլ կոչեր ուղղում միջազգային հանրությանը՝ անտարբեր չլինելու ու Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հավաքի մասնակիցները բարձրացրել են «Մենք Արցախն ենք», «Փրկեք Արցախը», «Բացեք կյանքի ճանապարհը» գրություններով պաստառներ: Հավաքը սկսվեց տերունական աղոթքով և հոգևորականի խոսքով: Հավաքի մասնակիցները երգեցին Արցախի Հանրապետության պետական օրհներգը

«Դու մենակ չես Արցախ: Այսօր քո կողքին ենք հազարավոր մարդիկ, ովքեր հավաքվում են՝ աշխարհին ցույց տալու, որ Արցախը միայնակ չէ:Մեր նախաձեռնության նպատակն է նախևառաջ խուլ ու համր աշխարհին ապացուցել, որ Արցախը զուտ 120 հազար չէ: Արցախը բռնի տեղահանված և ժամանակավոր Հայաստանում ու այլուր ապաստանած հայերն են, 90-ականների պատերազմի պատճառով Արցախից տարագիր դարձած հայերն են, Արցախը Հայաստանում ու սփյուռքում ապրող՝ Արցախի ցավին կարեկից հայերն են և վերջապես Արցախը ավելի քան 7 ամիս տևող շրջափակման պատճառով ճանապարհի այս կողմում հայտնված ու այստեղ մնացած հազարավոր արցախցիներն են, ում ընտանիքները կիսատ են, նրանք այսօր գտնվում են այստեղ՝ սպասելով, թե երբ կապաշրջափակվի այդ ճանապարհը»,-ասաց հավաքի մասնակիցներից մեկը:

Քարվաճառում ապրած ու մեծացած Կոլյա Շահգելդյանն էլ շեշտեց. «Հիմա ես չեմ կարողանում Արցախ գնալ, չեմ կարող անցնել այդ անցակետով, տեսնել որդիներիս, որոնք արդեն 8 ամիս է շրջափակման մեջ զրկանքներ են կրում: 30 հազար երեխա Արցախում օր օրի ավելի ու ավելի ծանր խնդիրների է բախվում»:

Նա բոլոր հայերին միասնության կոչ արեց, հորդորեց ամեն օր բարձրաձայնել, խոսել Արցախում տիրող իրավիճակի, ճգնաժամի մասին, մահերի մասին: «Բացեք իմ հայրենիք տանող ճանապարհը: Վերջ տվեք զրկանքների ու տանջանքների ենթարկել իմ հայրենակիցներին: Ես ուզում եմ իմ հայրենիք գնալու համար այլերկրացուն շնոհակալություն չասել, որ ինձ ներս թողեց»,-ասաց Շահգելդյանը:

Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ ընդգծեց, որ ոչ մի միջազգային սուբյեկտ՝ լինի ՄԱԿ-ը, ԵՄ-ն, թե առանձին պետություններ, իրավունք չունի 120 հազար հայության մատնել մարդասպան, ցեղասպան Ադրբեջանի քաղաքականությանը : «Ամբողջ միջազգային իրավունքը խոսում է նրա մասին՝ անկախ նրանից, թե որտեղ է մարդն ապրում՝ ճանաչված, թե չճանաչված պետությունում, որ սրբություն է մարդու իրավունքների պաշտպանությունը: Մենք ՄԱԿ-ից, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրից պահանջում ենք բոլոր իրենց հայտնի մեթոդներով ապահովել Արցախում ապրող բնակիչների պարենային ապահովումը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել