ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները (Կանխարգելման ազգային մեխանիզմ) չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել Կոտայքի և Արագածոտնի մարզերի դատարանների` ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր։
Այցեր են իրականացվել Եղվարդի, Հրազդանի, Չարենցավանի և Աշտարակի նստավայրեր:
Ուսումնասիրվել են նշված դատարանների` ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման խցերի պայմանները, տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, դատարանների աշխատակազմերի, դատական կարգադրիչների և Ոստիկանության` ուղեկցող գումարտակի ծառայողների հետ:
Ուսումնասիրությունների ընթացքում արձանագրվել են հետևյալ խնդիրները՝
- Կոտայքի դատարանի Հրազդան նստավայրում առկա են խիստ անբավարար պայմաններ: Ազատությունից զրկված անձանց պահելու համար նախատեսված միակ խուցը գտնվում է դատարանի շենքի առաջին հարկում, որտեղ չկան պատուհաններ, բնական լուսավորություն, բացակայում է օդափոխությունը։ Խցում չկա աթոռ, իսկ միակ սեղանը հիմնականում ծառայել է որպես պահեստ՝ վրան դրված են եղել մեծ թվով թղթապանականեր։ Բացակայել է ազատությունից զրկված անձանց համար նախատեսված սանհանգույցը, և նրանք ստիպված են եղել օգտվել ընդհանուր սանհանգույցից։ Ի տարբերություն շենքի այլ սենյակների՝ խցում բացակայել է նաև ջեռուցման համակարգը, ինչն անթույլատրելի է՝ հաշվի առնելով հատկապես ցուրտ եղանակային պայմանների ժամանակ խցերում պատշաճ ջերմային ռեժիմի ապահովման անհրաժեշտությունը:
- Մշտադիտարկված դատարանների բոլոր նստավայրերում խցերի սանհանգույցները խցի բնակելի հատվածից առանձնացված չեն եղել ամբողջական պատով և չեն ունեցել դռներ: Ավելին, կիսապատերն այնքան ցածր են եղել, որ մեծամասամբ չեն ծածկել անձի նույնիսկ մինչև գոտկատեղը։ Այս վիճակը հատկապես անընդունելի է մարդու նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ու նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիության տեսանկյունից: Հարցն ավելի զգայուն է այն պարագայում, երբ ազատությունից զրկված անձը կին է, իսկ ուղեկցող գումարտակի աշխատակիցները հիմնականում տղամարդիկ են։
- Շարունակում են մտահոգիչ մնալ Աշտարակի նստավայրի խցերի՝ նախկինում ևս արձանագրված անբավարար պայմանները։ Խցերի դռներն ամբողջությամբ բաց ճաղերով են, իսկ ներսում սանհանգույցներն ունեն այնպիսի տեղակայում, որ ակնհայտ երևում են միջանցքից: Սա մարդու նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ու նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտում է։ Ավելին, խցում բացակայել է նաև հոսող ջուրը, և ազատությունից զրկված անձանց այն տրամադրվել է պլաստմասե շշերով։
- Անընդունելի է նաև այն, որ բոլոր սանհանգույցները միայն ասիական տիպի են։ Դատարանների խցերը և խցերի սանհանգույցները հարմարեցված չեն տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց կարիքներին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանների շենքերը նույնպես հարմարեցված չեն տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց կարիքներին, խցերից դատական նիստերի դահլիճ տեղափոխումը մարդու իրավունքների, արժանապատվության տեսանկյունից անընդունելի է: Բացի այդ, դիտարկված խցերն ունեն նաև վերանորոգման կարիք․ պատերի ծեփամածիկները եղել են թափված, տեսանելի են եղել ճաքեր:
- Աշտարակի նստավայրի խցերից մեկում չի եղել պատուհան, բնական լուսավորությունն ապահովվել է ճաղավանդակից, բացակայել է պատշաճ օդափոխությունը:
- Ուսումնասիրված խցերում բացակայել են հիգիենիկ պարագաները, մասնավորապես՝ Եղվարդի և Աշտարակի նստավայրերում՝ օճառը, սանիտարական թուղթը, աղբամանը, Չարենցավանի նստավայրում՝ օճառը և աղբամանը, ինչպես նաև խցերից մեկում չի եղել աթոռ և սանիտարական թուղթ։
- Որևէ խցում առկա չեն եղել ազատությունից զրկվածների համար նախատեսված սննդի ընդունման համար անհրաժեշտ պայմաններ: Տեղեկություններ են ստացվել նաև այն մասին, որ ազատությունից զրկված անձանց քրեակատորողական հիմնարկներից սնունդ չի տրամադրվում։
- Մշտադիտարկման ժամանակ ուսումնասիրվել են նաև ազատությունից զրկված անձանց դատարան տեղափոխման համար շահագործվող տրանսպորտային միջոցները․ մեքենաների խցերի չափերը չեն համապատասխանել միջազգային ստանդարտներին, չեն ունեցել բավարար լուսավորություն և օդափոխություն, տեղաշարժման կարիք ունեցող անձանց կարիքներին հարմարեցված չեն եղել։
- Արձանագրվել է նաև, որ ուղեկցող ոստիկանների համար ոչ բոլորը մեքենաներում է նախատեսված նստարան, և նրանք ստիպված են ինքնաշեն փայտե նստարանից օգտվել։
Այս խնդիրներն ունեն համակարգային բնույթ և մշտապես արձանագրվում են Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում:
Այցի արդյունքներն ամփոփվում են և համապատասխան առաջարկներով կներկայացվեն իրավասու պետական մարմիններին: