676 մլն դրամ է հատկացվել ԿԳՄՍՆ-ին՝ Երևանում կայանալիք սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը կազմակերպելու համար

ՀՀ կառավարության նիստում գործադիրը որոշում է կայացրել ԿԳՄՍ նախարարությանը հատկացնել 676 մլն 368 հազար դրամ՝ 2023 թվականի նոյեմբերի 7-14-ը Երևանում կայանալիք սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը կազմակերպելու և անցկացնելու նպատակով: Այդ գումարից 196 մլն 548 հազար դրամը կհատկացվի ՀՀ ԿԳՄՍՆ ծրագրերի վերաբաշխման արդյունքում՝ 3-րդ եռամսյակում և 479 մլն 820.0 հազար դրամը՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից` 4-րդ եռամսյակում` անհրաժեշտ ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելու համար:

Վերջին տարիներին սամբո մարզաձևը գրանցել է մեծ հաջողություններ. 2022 թվականի հոկտեմբերի 13-16-ը Երևանում անցկացվել է սամբոյի դեռահասների, պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնությունը, որտեղ դեռահասների հավաքականը նվաճել է մեկ ոսկե, մեկ արծաթե և երեք բրոնզե մեդալ, պատանիների հավաքականը՝ մեկ ոսկե, երկու բրոնզե մեդալ, իսկ երիտասարդների հավաքականը՝ երեք բրոնզե մեդալ:

Հարկ է նշել, որ սամբոյի մեծահասակների ՀՀ հավաքականները նույնպես ունեն հաջողություններ: 2022 և 2023 թվականներին մեծահասակների Եվրոպայի կրկնակի չեմպիոն է դարձել Արսեն Խանջյանը: 2023 թվականին մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն է դարձել Արման Ավանեսյանը, իսկ 2-րդ մրցանակակիր՝ Վարսիկ Գրիգորյանը: Հավաքականը նվաճել է 4 բրոնզե մեդալ:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, ինչպես նաև Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ավանդույթները և զարգացման ուղիները՝ սամբոյի միջազգային ֆեդերացիայի կողմից առաջարկվել է Հայաստանի Հանրապետությունում անցկացնել սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը:

Առաջնությանն ակնկալվում է շուրջ 80 երկրի 600 ներկայացուցիչների մասնակցություն: Առաջնության անցկացումն իր կարևոր տեղն ունի մարզաձևի զարգացման և մասսայականացման գործում, որը կնպաստի միջազգային մարզական հարթակներում Հայաստանի Հանրապետության ճանաչելիության և մարզական հեղինակության բարձրացմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել