Կառավարության հուլիսի 20-ի նիստի օրակարգում է Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին Կառավարության որոշման նախագիծը։
Որոշման մեջ սավում է․
«Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում ստեղծել Հայաստանի Հանրապետության դեսպանություն (նստավայրը` Մոնտեվիդեո)»:
Հիմնավորման մեջ նշված է․
«2019 թվականի օգոստոսից Երևանում գործում է Ուրուգվայի դիվանագիտական ներկայացուցչությունը (գլխավոր հյուպատոսության, իսկ 2021 թվականի հոկտեմբերից դեսպանության մակարդակով)։
Հարավային Ամերիկայում Ուրուգվայը տնտեսապես ամենակայուն և ամենաակտիվ զարգացող երկրներից մեկն է, որի հետ առկա են համագործակցության զարգացման հեռանկարային ոլորտներ, ի թիվս բարձր տեխնոլոգիաների, կրթության և առողջապահության, առևտրատնտեսական բնագավառների:
Հարավային Ամերիկայում ՀՀ դիվանագիտական ներկայության ընդլայնումը ունի կարևոր նշանակություն: Հարկ է նշել, որ Հարավային Ամերիկայում գործում է ՀՀ երկու դեսպանություն, որոնք գտնվում են Բուենոս Այրեսում և Բրազիլիայում և հավատարմագրված են 4-5 երկրում: Ուրուգվայում ՀՀ ռեզիդենտ դեսպանությունը հնարավոր կդարձնի նաև տարածաշրջանի այլ երկրների հետ ավելի ակտիվ երկխոսության ծավալումը, հայ համայնքի ակտիվ ներկայությունը և նրա ազդեցությունը Ուրուգվայի սոցիալ-տնտեսական, հասարակական կյանքում: Բացի այդ, առկա է Թուրքիայի և Ադրբեջանի ընդգծված հետաքրքրություն Ուրուգվայում և տարածաշրջանում, որոնք բավական մեծ հետաքրքրություն են սկսել ցուցաբերել տարածաշրջանի հանդեպ՝ ներկայացնելով տարբեր գործարար, ներդրումային ծրագրեր: (2014թ. Մոնտեվիդեոյում բացվել է Ադրբեջանի դեսպանության գրասենյակ: 2021թ. բացվել է Թուրքիայի դեսպանությունը:)
Արտաքին գործերի նախարարությունը 2023թ. իր բյուջետային հայտում ներկայացրել է Ուրուգվայում դեսպանություն բացելու և գործունեություն ծավալելու նախահաշիվ, որը ապահովվել է: Հետևաբար, 2023 թ. բյուջեում արդեն իսկ նախատեսված են Ուրուգվայում դեսպանություն բացելու համար անհրաժեշտ միջոցներ:
Ուրուգվայում ՀՀ դեսպանության բացումը նախատեսված է նաև Կառավարության 2021-2026 թվականնների ծրագրով:
Դեսպանություն հիմնելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2021 թվականի օգոստոսի 16-18-ը Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարար Ֆրանցիսկո Բուստիժո Բոնասոյի Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում: ՀՀ վարչապետը ևս հավաստիացրել է, որ Ուրուգվայում Հայաստանի դեսպանության հարցը օրակարգում է, և տվյալ գործընթացը սեղմ ժամկետներում կմտնի ինստիտուցիանալ դաշտ:
Վերը նշվածը հաշվի առնելով, Ուրուգվայում Հայաստանի դեսպանության բացումը Արտաքին գործերի նախարարությունը գտնում է նպատակահարմար, ինչը համահունչ է Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը և շահերին»։