Իրավապահ համակարգը չի բավարարվում Արմեն Աշոտյանի դեմ կարված գործով ու անընդհատ փորձում է նոր հոդվածներ մոգոնել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Իշխանության խնդիրը իրավական բարդ թնջուկ ստեղծելն է, որպեսզի Արմենի ողջ ուշադրությունն ու ժամանակը գնա նմանատիպ տեխնիկական թեմաների վրա` համարելով, որ այդպիսով հնարավոր կլինի որոշակիորեն պասիվացնել Աշոտյանին:
Արմենը խոսել է ամենաբարդ ժամանակներում, ուղիղ խոսել ճշմարտության մասին` անտեսելով այն բոլոր ճնշումները, որոնք մշտապես եղել են:
Մեկ է` Արմենը շարունակելու է խոսել` որքան էլ, որ այն շատերի համար դառը լինի»,-նշել է նա:
————–
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթի ընթացքում Ա.Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը: Սակայն հետագա նախաքննության ընթացքում իրականացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալ Ա.Աշոտյանն իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի առկայության պայմաններում, չի կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները և խոչընդոտել է քրեական վարույթին` ապօրինի միջամտելով ապացուցման գործընթացին: