Մեր խնդիրն այն է, որ լիարժեք քայլես, սովորես ու աշխատես. Վարչապետը հյուրընկալել է 44-օրյա պետարազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած Արամ Արզումանյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած Արամ Արզումանյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: 

Արամի ծնողներին վարչապետը հանդիպել էր հուլիսի 17-ին՝ Արտաշատում, ովքեր բարձրացրել էին Արամ Արզումանյանի հաշմանդամության կարգը 1-ից 2-րդ տեղափոխելու հետ կապված հարց: 

Նիկոլ Փաշինյանը լսել է Արամ Արզումանյանին, պատասխանել նրա հարցերին, իսկ նախարարը ներկայացրել է կարգի փոփոխության վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ, տեղեկացրել, որ Արամին տրամադրվել են ժամանակակից բարձրորակ պրոթեզներ, ինչը նպաստել է նաև նրա քայլելու հնարավորությանը: 

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ հաշմանդամության կարգի տրամադրման  քաղաքականությունը Կառավարությունը բերում է միջազգային ստանդարտի: «Կարգը նպատակ չէ, այն միջոց է՝ խնդիր լուծելու համար: Քաղաքականության իմաստը հետևյալն է. այդ մեթոդաբանությունն ասում է՝ մի գնահատի՝ մարդը ոտքեր ունի, թե՞ ոչ, այլ գնահատի՝ կարողանո՞ւմ է քայլել, որևէ ձևով նրա քայլելու ընդունակությունը վերականգնվե՞լ է, թե՞ ոչ: Եվ մենք համարում ենք, որ այդ քաղաքականությունը ճիշտ է: Մեր քաղաքականությունն անձի ֆունկցիաները վերականգնելն է: Բոլորս անընդհատ կենտրոնանում ենք կարգի վրա, սակայն կարգը նպատակ չէ: Պետք է գնահատել, թե ֆունկցիոնալությունն ինչքանով է վերականգնված: Պետք է կարգի տրամադրման մեթոդը փորձենք հասկանալ՝ ինչքանո՞վ է արդյունավետ և ի՞նչ պետք է անել, որ արդյունավետությունը բարձր լինի»,- ասել է վարչապետը: 

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարությունը պետք է առավելագույնն անի՝ անձի ֆունկցիոնալությունը վերականգնելու համար: «Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած մեր եղբայրներին և զավակներին պիտի ապահովենք լավագույն միջազգային ստանդարտներին համապատասխանող պրոթեզներով: 

Մենք ուզում ենք, որ ոչ թե դուք և մեր մյուս զավակներն ու եղբայրները հաշմանդամության կարգ ունենան, այլ որ լիարժեք վերականգնվեք, կարողանաք կրթություն, աշխատանք ստանալ, այսինքն՝ լիարժեք գործունեություն ծավալել և ձեր գործունակությունը վերականգնվի: Այն դեպքերում, երբ սա չի հաջողվի, փորձաքննությամբ հաշմանդամության կարգը կսահմանվի, որը մեզ ազդակ կտա, որ ֆունկցիոնալության խնդիր կա»,- ասել է վարչապետը: 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը զեկուցել է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ է ստացել ավելի քան 1400 զինծառայող: 

Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ հաջորդ տարվանից հանրապետությունում ներդրվելու է Առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգը: «44-օրյա պատերազմի հաշմանդամություն ունեցած անձանց հենց առաջին փուլում պետք է ընդգրկել այս համակարգում: Մեր խնդիրն այն չէ, որ ասես՝ այս ի՞նչ լավն է Կառավարությունը՝ ինձ առաջին կարգի հաշմանդամության կարգ տվեց: Մեր խնդիրն այն է, որ դու լիարժեք քայլես, վազես, սովորես, աշխատես, ապրես: Խնդրում եմ՝ մեզ նաև մի մղեք այն ուղղությամբ, որ հաշմանդամության կարգ տրամադրենք ու ասենք՝ այս ի՞նչ հարց լուծեցինք: Մեզ պետք է, որ դուք չունենաք հաշմանադամության կարգ: Մեզ պետք է այնպիսի ժամանակակից ֆունկցիոնալ պրոթեզավորում իրականացնել, որը և հարմարավետ կլինի, և ֆունկցիոնալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Կառավարությունը շարժվելու է հաշմանդամության կարգ տամադրելու նոր մեթոդաբանության ստանդարտով: 

Հանդիպման ընթացքում Արամ Արզումանյանը բարձրացրել է առողջության հետ կապված այլ խնդիրներ: Վարչապետը նախարար Մկրտչյանին հանձնարարել է և՛ Արամի, և՛ հաշմանադամություն ունեցող մյուս տղաների առողջության հետ կապված լրացուցիչ խնդիրների լուծման համար, ըստ անհրաժեշտության, ներկայացնել Կառավարության որոշման նոր նախագիծ: 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա ամիսների ընթացքում կազմակերպել նոր հանդիպում, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող այլ տղաների մասնակցությամբ, քննարկել խնդիրներն ու դրանց լուծման հետագա քայլերը: 

——————

Նշենք, որ Iravaban.net-ը թեմայի վերաբերյալ գրել էր․ «Պատերազմի հետևանքով ոտքերը կորցրած տղաներին զրկել են հաշմանդամության առաջին խմբից․ նրանք խնդիրների են բախվում»։

Արամը մեզ հետ զրույցում ներակայացրել էր, որ անընդհատ վերքեր, գոյացություններ են առաջանում ոտքերին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել