Ներկայացվել է Արդարադատության ակադեմիայի 2023-2026 թթ. ինստիտուցիոնալ զարգացման ռազմավարությունը

Հուլիսի 18-ին ներկայացվեց Արդարադատության ակադեմիայի 2023-2026 թթ. ինստիտուցիոնալ զարգացման ռազմավարությունը: Այն մշակվել է Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «Աջակցություն արդարադատության ոլորտի բարեփոխումներին» տեխնիկական աջակցություն ծրագրի շրջանակում՝ Ակադեմիայի և «ԷԿՈՐԻՍ» կազմակերպության հետ համատեղ: 

Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց ռազմավարության մշակման աշխատանքներում ներգրավված բոլոր գործընկերներին: Ռեկտորի խոսքով՝ Ակադեմիան ռազմավարական կարգավորում չի ունեցել. «Նախկին և ներկա ռեկտորների ծրագրերն են ծառայել որպես աշխատանքային գործունեության հիմնական փաստաթուղթ: Հիմա վեր են հանվել բազմաթիվ խնդիրներ և դրանց հիման վրա ձևավորվել է միջազգային չափանիշներին համապատասխան փաստաթղթի նախագիծ, որը կարող է ներկայացնել մեր հետագա գործողությունների պլանը»:

Ռեկտորն ընդգծեց, որ ռազմավարությունը շատ կարևոր է հատկապես միջազգային և օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության համար. «Կունենանք փաստաթուղթ, որի շրջանակներում ավելի առարկայական կլինեն մեր համագործակցության ուղիները»,- նշեց Սերգեյ Առաքելյանը:

«Շատ կարևոր է, որ մենք ունենք հստակ թիրախային խումբ, վերլուծություն, ռիսկերի գնահատում, բյուջեի հաշվարկ. սա գերազանց նախաձեռնություն է»,- նշեց ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը՝ մաղթելով ռազմավարության հաջող իրականացում:

Ծրագրի փորձագետ Ալեն Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց ռեկտորին և Ակադեմիայի աշխատակազմին գործուն աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև ազգային և միջազգային փորձագետներին մեկ միասնական համապարփակ փաստաթուղթ  կազմելու համար: «Այս փաստաթղթի կարևորագույն նպատակներից մեկն Ակադեմիայի հաշվետվողականության և թափանցիկ գործունեության ապահովումն է»,- ընդգծեց Մկրտչյանը: 

Արդարադատության փոխնախարար, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ Արա Մկրտչյանն էլ իր հերթին շեշտեց, որ վերջին տարիներին Ակադեմիան կրթության փորձի փոխանակման շատ բարձր նշաձող է սահմանել ՀՀ-ում: 

Ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը ներկայացրեց բուն ռազմավարությունը, այն մշակելու անհրաժեշտությունը, հիմնական ուղղությունները և այլն:

Ակադեմայի Հեռաուսուցման և ՏՏ դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանն անդրադարձավ արհեստական բանականության կիրառմամբ ուսուցման նոր ծրագրերի և մեթոդաբանության մշակման, ուսումնական նյութերի մատուցման, հեռաուսուցման նոր հավելվածների ստեղծման և ներդրման անհրաժեշտությանը: 

Միջոցառմանը ներկա էին Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամները, ներկայացուցիչներ Բարձրագույն դատական խորհրդից և գործընկեր այլ կառույցներից: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել