Լրացավ Արցախի շրջափակման 219-րդ օրը

Արցախը 219 օր է շրջափակման մեջ է։

Արցախի Հանրապետության մայրաքաղաքում շարունակվում է համաժողովրդական շարժումը։ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղադրվել են վրաններ, մարդիկ գիշերում են այնտեղ։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 17-ին հայտարարեց, որ եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա քիչ թե շատ կայուն, բնականոն հուն, ապա դրանից հետո իրենք դիմելու են ավելի կոշտ գործողությունների և՛ Արցախում, և՛ դրանից դուրս։

«Դատարանը համարում է, որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է, դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար»,-ասվում է Արդարադատության միջազգային դատարանի որոշման մեջ։

Սակայն փաստն այն է, որ ճանապարհը դեռ փակ է։

Ադրբեջանի վրա միջազգային ճնշումների բացակայության պատճառով արցախահայությունը կանգնած է հումանիտար աղետի առաջ։ Միջազգային հանրության անատամ կոչերը մինչև այս պահն անտեսվել են Ադրբեջանի ղեկավարության կողմից։

Արդեն 219 օր է խախտվում են մարդու հիմնարար իրավունքները, իսկ միջազգային կազմակերպությունները և պետությունները լուռ են։

Ադրբեջանական կողմից ահաբեկչական վարքագծի պատճառով Շուշիի շրջանի գյուղերը ամբողջությամբ կտրված են Արցախի մայրաքաղաքից ու մյուս բնակավայրերից:

Նշենք, որ հայտարարությամբ է հանդես եկել նաև  Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը․ «Այդ շրջափակումը բնապահպանական քողի տակ հետապնդում է Ադրբեջանի բռնատիրական ղեկավարության կոռուպցիոն նկրտումների իրացումը՝ տիրանալու Արցախի տնտեսության կարևորագույն հարստություններին»:

Լուսանկարը՝ ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել