Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի աշխատակիցներն ահազանգում են՝ աշխատավարձ չեն ստացել

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի աշխատակիցները շուրջ մեկ ամիս է չեն ստացել իրենց աշխատավարձը։

Iravaban.net-ի խմբագրություն է ահազանգել դատարանի աշխատակիցը։ Նա նշում է, որ կանգնել են փաստի առաջ, քանի որ չեն ստացել հունիս ամսվա իրենց աշխատավարձերը։

Նրա խոսքով՝ իրենք կապ են հաստատում Դատական դեպարտամենտի հետ, սակայն որևէ հստակ պատասխան չեն ստանում։

«Սկզբում ասացին, որ մինչև հուլիսի 15-ը կվճարեն մեր աշխատավարձը։ Հուլիսի 15-ը անցավ, չվճարեցին։ Հիմա էլ զանգում ենք, այլևս օր չեն նշում։ Անհայտ է, թե երբ կվճարեն աշխատավարձը։ Նշեմ, որ մեզ նախապես չէին զգուշացրել, որ հնարավոր է ուշացումներ լինեն, այդ իսկ պատճառով այսօր մենք փաստի առաջ ենք կանգնած»,-ասաց դատարանի աշխատակիցը։

Բարձրագույն դատական խորհրդից Iravaban.net-ը փորձեց ճշտել, թե ինչու՞ դատարանների աշխատակիցների աշխատավարձերը դեռ չեն վճարվել։

ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք խնդրին քաջատեղյակ են։

«Իրականում, երբ որ Երևանի դատարանը բաժանվեց երկու մասի՝ քրեական ու քաղաքացիական, բյուջեն բաշխելու խնդիր էր առաջացել, և քանի որ այս պահին բյուջեն դեռ բաշխված չէ, դրանով պայմանավորված չեն ստացել, բայց սպասում ենք համապատասխան որոշման ընդունմանը, որից հետո հնարավորինս սեղմ ժամկետում իրենք  կստանան»,-նշեց նա։

Լիլիթ Շաբոյանն ասաց, որ կոնկրետ ժամկետ չի կարող մատնանշել և հույս հայտնեց, որ մինչև հուլիսի վերջ կստանան։

«Միանշանակ ուշացվել է իրենց աշխատավարձերը, մենք ընդունում ենք, որ չի վճարվել, հայցում ենք իրենց ներողամտությունը ու հույս ունենք շատ արագ խնդիրը կկարգավորվի»,-ասաց Լիլիթ Շաբոյանը։

Նշենք, որ Աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է աշխատավարձերի վճարման ժամկետները և կարգը։

Ըստ այդմ՝ աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ՝ մինչև հաջորդ ամսվա 15-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել