Արցախի ժողովրդի անունից արվող ցանկացած զիջողական հայտարարություն, որոշում՝ առ ոչինչ է. պետնախարար

Համաժողովրդական շարժումն այլևս կայացած է և իրականություն:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում համաժողովրդական անժամկետ շարժման հերթական հանրահավաքի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Սա մի շարժում է որը ծնվել էր բոլոր արցախցիների սրտերում և սպասում էր  իր պոռթկմանը»,-ընդգծեց պետնախարարը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետությունում առաջիկա օրերին մեկնարկելու են իրազեկման տարբեր միջոցառումներ:
«Մեր պատվախնդիր քույրերն ու եղբայրները ստանձնել են  Արցախում Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը Մայր Հայաստանում և նրանից դուրս բոլոր միջազգային  կառույցներին ներկայացնելու պարտավորությունը»,-ասաց Գուրգեն Ներսիսյանը՝ հայտնելով, որ երեկվանից մեկնարկած համաժողովրդական շարժման շնորհիվ հաջողվել է հասնել նրան, որպեսզի ուշադրություն հրավիրվի Արցախում  և նրա շուրջը ստեղծված աղետալի իրավիճակի վրա:

Անդրադառնալով Արցախում և նրա շուրջ ստեղծված իրավիճակին,  պետնախարարը շեշտեց, որ այն շարունակում է աղետալի լինել. արցախցիների  զրկանքներն օր օրի ավել են ծանրանում և խորանում:

Բացակայում է տրանսպորտային հաղորդակցության հնարավորությունը Ստեփանակերտի և շրջանների միջև: Մարդիկ զրկված են տարրական դեղորայք ու հիգիենայի պարագաներ ձեռքբերելու, իսկ ավելի քան 30 հազար երեխա և 2000-ից ավելի հղի կանայք բավարար սնունդ ստանալու հնարավորությունից: Գյուղերի բնակիչները չեն կարողանում գյուղատնտեսական աշխատանքներ սկսել և ավարտին հասցնել: Դրանք իրականացվել են ընդամենը 30 տոկոսով, ինչն ավելի ուշ հանգեցնելու է ծանր հետևանքների:

«Համաժողովրդական շարժման առանցքային գաղափարներից ու նպատակներից է, որպեսզի ամենատարբեր խնդիրների առաջ կանգնած մեր հայրենակիցներից որևէ մեկն իրեն երբեք միայնակ չզգա, որպեսզի մշտապես համոզված լինի, որ իր թիկունքում և կողքին կանգնած է ձեզանից յուրաքանչյուրը: Ամեն ինչ պետք է անենք, որ Արցախում որևէ մեկը միայնության, անօգնականության ու լքվածության զգացում չունենա»,-շեշտեց պետնախարարը՝ համոզմունք հայտնելով, որ համառության շնորհիվ հնարավոր է լինելու հաջողությունների ու հաղթանակների հասնել:

Ըստ Ներսիսյանի՝ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության հուլիսի 15-ի հայտարարությունն ի ընդառաջում և ի պատասխան էր Արցախում համաժողովրդական շարժմանը:

«Համոզված եմ, որ ամենակարճ ժամկետում ստանալու ենք բազմաթիվ արձագանքներ և ի վերջո, կոչերը և միջնորդությունները վեր են ածվելու գործնական քայլերի»,-համոզմունք հայտնեց նա ՝ շեշտելով, որ Արցախի ժողովուրդը վաստակել և իրացրել է ինքնորոշման իր իրավունքը և այն սակարկման առարկա չէ:

«Արցախի ժողովրդի անունից ցանկացած զիջողական հայտարարություն առ ոչինչ է: Թող, որևէ մեկը թույլ չտա իրեն՝ սակարկելու, քննարկելու կամ զիջելու առարկա դիտարկել մեր ժողովրդի ինքնորոշման ու սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն ու ազատությունը: Հետպատերազմյան շրջանում մենք լսել ենք բազմաթիվ քննարկումներ, ՀՀ իշխանությունների կողմից նշաձող իջեցնելու, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հայտարարություններ, բայց այդ ամենից հետո մենք այդպես էլ խաղաղություն, բարիդրացիական հարաբերություն, բարի և խաղաղասեր վերաբերմունքԱրցախի ժողովրդի նկատմամբ որևէ տեղից չտեսանք: Այս դեպքում Արցախի ժողովուրդն իրավունք ունի հրապարակայնորեն հարցնելու՝ հանուն ինչի են կատարվում այդ զիջումները եթե դրա հետևանքով Արցախի ժողովուրդը ամեն օր ոչ միայն տուժում է, այլև այդ ամենից ամեն օր ծանրանում է նրա ուսերին թողնված բեռը, զրկանքների ու տառապանքների մեջ են գտնվում Արցախում ապրող երեխաները: Եթե մենք խաղաղություն ենք ուզում այսպիսի գնով, ուրեմն խաղաղություն պետք չէ, մեզ խաղաղություն է պետք արժանապատիվ տեսքով:Մեր ժողովրդին խաղաղություն պետք է սեփական իրավունքներն ու ճակատագիրը տնօրինելու իրավունքը հարգելու գնով:Անկախ մեր շուրջը տեղի ունեցող իրադարձություններից, երբեք չվհատվեք, սիրելի հայրենակիցներ: Արցախի ժողովուրդը մենակ չի մնալու: Արցախի ժողովուրդն ունակ է սեփական պայքարով ու օրինակով դաստիարակելու և բացատրելու բոլորին ճշմարիտ ուղին, որը կարող է տանել միայն հաղթանակի»,-ասել է պետնախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել