Ձախ այտոսկրի կոտրվածքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր տեղափոխվել 15-ամյա երեխա: Նրա խոսքով՝ վնասվածքն ստացել էր ինքնաշեն սարքի պայթյունի հետևանքով:
Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։
ՀՇ հետազոտությամբ երեխայի ձախ այտային շրջանի փափուկ հյուսվածքներում հայտնաբերվել էր մոտ 2.1-2.6 սմ չափերով մետաղական օտար մարմին:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հմուտ ու պրոֆեսիոնալ բժշկական անձնակազմը հաջող վիրահատությամբ հեռացրել է մոտ 2 սմ տրամագծով հեղյուս: Վիրահատության ժամանակ ձախ այտոսկրի ոսկրաբեկորների ճիշտ համադրումից հետո այն ֆիքսվել է տիտանե մինի թիթեղի և մինի պտուտակների միջոցով:
Երեխան առողջացումով դուրս է գրվել հիվանդանոցից: