Այսօր ահազանգի կոչնակը հնչեցնելու հերթական պահն է. ՄԻՊ

Արցախի 7 ամիս շարունակվող ամբողջական շրջափակումը հասել է օրհասական կետի, երբ այլևս լրջագույնս վտանգված է 120 հազար մարդու, այդ թվում 30 հազար երեխաների, 20 հազար տարեցների կյանքը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 14-ին, Ստեփանակերտում համաժողովրդական շարժման հանրահավաքում հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Երբ այլևս մի ողջ ժողովրդի գլխին կախված է գոյաբանական սպառնալիքներ, որոնք անհերքելի են և ընդգծված:

Գտնվելով շրջափակման մեջ և հունիսի 15-ից ամբողջությամբ կտրվելով հումանիտար հասանելիությունից, մեր ժողովուրդը կանգնել է թերսնուցման, սովի, Ադրբեջանի կողմից անթաքույց իրականացվող էթնիկ զտման, բռնի հպատակեցման և ցեղասպանության իրականացման անհերքելի սպառնալիքի ներքո:

Այսօր ահազանգի կոչնակը հնչեցնելու հերթական պահն է: Դիմում եմ միջազգային հանրության բոլոր դերակատարներին. Մարդու իրավունքնե՞ր, ասում եք: Ուրեմն ասեք ինձ ես ինչպես նայեմ այս ժողովրդի աչքերին, և ասեմ, որ իրենք էլ ունեն իրավունքներ:

Ես ինչպես նայեմ թերսնուցման մեջ գտնվողն հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել: Ես ինչպե՞ս նայեմ այն մայրերի աչքերին, որոնց օրվա ամենամեծ երազանքը իրենց երեխայի համար մի բուռ միրգ կամ քաղցրավենիք հայթայթելն է:

Ես ինչպես նայեմ հերթերում կանգնած հազարավոր մարդկանց աչքերին, որոնք ժամերով հերթ են կանգնում մի բուռ շաքարավազ կամ ձեթ ստանալու համար: Եվ վերջապես ես ինչպես նայեմ այս հողակտորի համար իր ամենաթանկը տված, զոհված մոր աչքերին, որը ահաբեկված աչքերով նայում է ինձ վախենալով, որ կկորցնի իրեն մնացած վերջին սրբությունը՝ որդու գերեզմանը:

Ես ուզում եմ, որ դուք նայեք նրանց աչքերին, դուք պատասխանեք նրանց, որովհետև ես այլևս պատասխաններ չեմ գտնում: Գեղեցիկ ու շքեղ դահլիճներում մարդու իրավունքներից խոսելը մի բան է, այդ իրավունքների պաշտպանությունը գործնական քայլերով ապացուցելը մեկ այլ բան:

Մտահոգված ենք, խիստ մտահոգված ենք, խորապես մտահոգված ենք, կոչ ենք անում և նմանատիպ այլ հայտարարություններ:

Բավ է, հերիք է: Մինչ դուք մերկապարանոց մտահոգություններ եք հայտնում, 120 հազար մարդ մատնվում է անմարդկային զրկանքների»,-ասաց Գեղամ Ստեփանյանը:

Նա նաև դիմեց ռուս խաղաղապահներին, որոնց 2020 թվականի եռակողմ հայտարարությամբ վերապահվել է Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի և ֆիզիկական գոյության հիմնական երաշխավորի դերը. «Մեզ խաղաղություն էր խոստացվել:

Խաղաղությունը ամեն օր տեղեկագրերում հրադադարի ռեժիմի խախտումների արձանագրումը չէ: Խաղաղությունը ամենօրյա հաց հայթայթելով ֆիզիկական գոյություն քարշ տալը չէ, խաղաղությունը սեփական հայրենիքում պատանդառված և ամեն ինչից զրկված լինելը չէ:

Խաղաղությունն ամեն օր հոգեբանական հարձակումների և մեզ վրա թափվող անորոշություններիը չեն: Տեր կանգնեք ձեր մանդատին՝ ապահովելու իրական խաղաղություն, ապահովելու բարեկեցիկ կյանք, որ խոստացել եք մեր ժողովրդին ամենաբարձր մակարդակով»:

Նա դիմեց նաև Հայաստանի ժողովրդին. «Ինչպես միշտ, այս անգամ էլ կանգնեք ի պաշտպանություն Արցախի, մենակ մի թողեք Արցախում ապրող հային իր սրբագույն երազանքի հետ մեն միայնակ:

Սփյուռքում ապրող քույրեր և եղբայրներ, ձեզնից շատերը իրենց նախնիների օրինակով գիտեն, թե ինչ է նշանակում ցեղասպանվել, հայրենազրկվել, ինչ է նշանակում ապրել հայրենիքից հեռու, հայրենիքի կարոտը սրտում անթեղած:

Ձեզ խնդրում եմ, եթե կուզեք, աղաչում եմ՝ վեր ելեք, կանխելու հայ ժողովրդի նոր ցեղասպանությունը: Վեր ելեք պարտադրելու աշխարհին գոնե այս անգամ պատասխանատվություն ստանձնել հայի ճակատագրի համար: Մենք չենք կարող լինել Ադրբեջանի կազմում և վերջ: Վերջապես հասկացեք:

Բոլոր նրանք, որոնք դեռ իլյուզիաներ ունեն այս առիթով, թող պատասխանեն՝ արդյոք հնրավո՞ր էր պատկերացնել հրեաներին կյանքը նացիստական Գերմանիայում: Այո, Ադրբեջանն այդ նույն նացիստական երկիրն է, որտեղ հասարակությունն ամբողջությամբ ներծծված է հայատյացությամբ: Արցախը ապրելու է, հարատևելու է ի հեճուկս բոլոր չկամների և թշնամիների և ի փառս համայն հայության»:

Նշենք, որ Արցախում այսօր՝ հուլիսի 14-ին, մեկնարկել է համաժողովրդական շարժումը. Ստեփանակերտի Վերածննդի հրպարակում հազարավոր արցախցիներ են հավաքվել: Շարժման մեկնարկի մասին նախօրեին հայտարարել էր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

Հանրահավաքին մասնակցում է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Ավելի ուշ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանդես էր եկել տեսաուղերձով և հայտարարել, որ միանում է շարժմանը:

Շարժման նպատակն է հասնել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը:

Նյութի աղբյուրը՝ artsakhpress.am:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել