Այսօր՝ հուլիսի 11-ին, փաստաբանները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց՝ ի պաշտպանություն ոստիկանների կողմից բռնության ենթարկված փաստաբանների:
Նրանք պահանջում են Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի և ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի հրաժարականը։
Բողոքի ակցիայի շրջանակներում փաստաբանները հուլիսի 11-ին, 12-ին և 13-ին կհրաժարվեն դատարաններում, նախաքննության մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնել։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ և փաստաբանները, վերահաստատելով իրենց պահանջները, փաստաբանի մասնագիտական գործունեության իրականացման նման խոչընդոտները կանխելու նպատակով, որոշել են․
– պահանջել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Կառլենի Հովհաննիսյանի հրաժարականը.
– եռօրյա բողոքի ակցիա իրականացնել 2023 թվականի հուլիսի 11-ին, 12-ին և 13-ին՝ այդ օրերին հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց.
– փաստաբանական համայնքում հարցումներ անցկացնել ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանին «Փաստաբանության թշնամի» հռչակելու կապակցությամբ:
Լուսանկարները՝ Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի և Փաստաբանների պալատի մամուլի քարտուղար Սիլվի Տիգրանյանի