Նախատեսվում է պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերի մասնակի փոխհատուցում տրամադրել՝ արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձի համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N 64-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը, որի նպատակը ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերի մասնակի փոխհատուցման տրամադրումն է արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձի համար:

Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի հիմնավորման համաձայն՝ ներկայումս փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար փոխհատուցվում է շահառու ծնողներին՝ պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 5,5 մլն. դրամը։

Դոնորական ձվաբջջի համար ծախսերը փոխհատուցվում են այդ ծախսը կատարողին՝ շահառու ծնողներին կամ բժշկական կազմակերպությանը՝ փաստացի ծախսի չափով,  բայց ոչ ավելի քան 600 հազար դրամը։

Նշված միջոցառման շրջանակներում շահառու ծնողներին դոնորական ձվաբջջի ձեռքբերման կամ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերից յուրաքանչյուրի համար փոխհատուցում տրամադրվում է միայն մեկ անգամ:

Ներկայումս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ստացվում են գրավոր և բանավոր դիմումներ՝ արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձի իրականացման համար կրկին դոնորոկան ձվաբջջի ձեռքբերման ծախսերի փոխհատուցում տրամադրելու համար: Սակայն, հիմք ընդունելով Որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի դրույթը, այդ դիմումները մերժվում են:

Հարկ է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետով նախատեսված է պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձն իրականացնելու հնարավորություն՝ պետության կողմից 50 տոկոս մասնակցությամբ:

Ներկայացված նախագծով առաջարկվում է՝ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում շահառու ծնողներին դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերի համար փոխհատուցում տրամադրել նաև արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձն իրականացնելու դեպքում՝ որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված՝ ոչ ավելի քան 600 հազար դրամի չափով, անկախ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Ն որոշման N 1 հավելվածի 28-րդ կետի համաձայն ՀՀ առողջապահության նախարարի հրամանում նշված՝ արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձն իրականացնելու համար պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում պետության մասնակցության չափից: Ընդ որում, առաջարկվում է հստակեցնել նաև ՀՀ առողջապահության նախարարի կողմից տրվող հրամանի իրավական հիմքը, այն է՝ ներառել նաև ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետի համաձայն տրվող հրամանը:

Միաժամանակ առաջարկվում է որոշման N 2 հավելվածի 2-րդ կետով սահմանված՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ուղարկվող գրության մեջ ներառել նաև նշում՝ արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձն իրականացնելու վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի վերաբերյալ, ինչպես նաև հստակեցնել միջոցառման շրջանակներում փոխահատուցման տրամադրումը մերժելու հիմքերը։

31.05.2023 դրությամբ միջոցառման շրջանակներում 2022, 2023թթ․ ընթացքում դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերի համար փոխհատուցում է տրամադրվել 121 շահառու ծնողների համար, իսկ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար՝ 12 շահառու ծնողների։

Նախագիծն ընդունվելու դեպքում հարկ կլինի սոցիալական ոլորտին հատկացնել լրացուցիչ գումար, որի չափը գնահատվել է ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած քանակական տվյալների հիման վրա:

Մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարությունը հարցում է կատարել համապատասխան բժշկական կազմակերպություններին՝ արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձն իրականացնելու համար միջոցառման հնարավոր դիմող շահառուների թվի վերաբերյալ գնահատական տալու համար, որին՝ ի պատասխան ստացված տեղեկատվության համաձայն՝ «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ-ն որևէ գնահատակն չի տվել, իսկ «Ֆերթիլիթի Սենթր» ՍՊԸ-ի գնահատմամբ արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձն իրականացնելու համար դիմող շահառուների թիվը կկազմի շուրջ 130: Ըստ այդմ, անհրաժեշտ լրացուցիչ գումարը կկազմի առնվազն՝ 130 X 600,000=78,000,000 դրամ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել