Արցախի շրջափակման 206-րդ օրն է

Արցախը 206 օր է շրջափակման մեջ է։

Հայաստանի միջազգային բժշկական համագումարն այս տարի պետք է Արցախում կայանար՝ հուլիսի 6-8-ը:

Սակայն շրջափակման պատճառով սպասված միջոցառումն Արցախում կազմակերպելն անհնար է: Անհնար է նաև արցախցի մասնագետների անմիջական մասնակցությունն ապահովելը:

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից, համագումարին արցախցի բժիշկները հեռավար են մասնակցելու:

Այսօր՝ հուլիսի 5-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի կարծիքով` այս ծանր պայմաններում Արցախի հայությանը ամենաշատը պակասում է ոչ այնքան սնունդ, վառելիք կամ մեկ այլ նյութական միջոց, այլ՝ գործնական ուշադրություն:

«Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է և իմ ծննդյան տարեդարձը: Շնորհավորելով բոլոր հայերիս Մայր Հայաստանի Մայր օրենքի օրվա առթիվ՝ չեմ սպասում որևէ շնորհավորանքի տարեդարձիս կապակցությամբ: Փոխարենը, կցանկանայի ինձ հարգող յուրաքանչյուր անձի ուշադրությունը հերթական անգամ հրավիրել Արցախի ներկա վիճակի ու յուրաքանչյուրի անելիքների վրա:

Այս ծանր պայմաններում Արցախի հայությանը ամենաշատը պակասում է ոչ այնքան սնունդ, վառելիք կամ մեկ այլ նյութական միջոց, այլ՝ գործնական ուշադրություն: Անշուշտ, այս պայքարում հիմնական խաչը կրում է Արցախի հայությունը՝ ստանձնելով իր բաժին ազգային պատասխանատվությունը, սակայն մենք ակնկալում ենք ուշադրություն առաջնահերթորեն Հայ ժողովրդից ու Հայոց պետականությունից՝ որպես Արցախի տեր ու գլխավոր շահառու: Շրջափակման ընթացքում բազմաթիվ նախաձեռնություններ են եղել Արցախին աջակցելու համար, որոնց բոլորի հեղինակներին ու մասնակիցներին երախտապարտ ենք»,-նշել է նա:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 5-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու օպերատիվ ռազմաքաղաքական ու հումանիտար իրավիճակը և իշխանությունների անելիքները:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահն իր խոսքում ընդգծել է, որ ադրբեջանական աճող սպառնալիքների ու հումանիտար փոխադրումների լրիվ կասեցման պայմաններում օրեցօր սրվող անվտանգային ու հումանիտար իրավիճակը լրջագույն մարտահրավերներ է հարուցում Արցախի ժողովրդի գոյության նկատմամբ:

«Արցախի իշխանությունների կողմից առկա իրավիճակը, վտանգներն ու մեր ակնկալիքները բոլոր հնարավոր ձևերով ներկայացվել և ներկայացվում են Հայաստանի ու Ռուսաստանի իշխանություններին, ինչպես նաև միջազգային հանրության այլ դերակատարների: Բոլոր պատասխանատու դերակատարների կողմից հրատապ ու արդյունավետ քայլերի ձեռնարկման սուր անհրաժեշտություն կա՝ յուրաքանչյուրն իր պարտավորությունների շրջանակներում: Մեր կողմից հնչեցվող գոյաբանական ահազանգի պայմաններում Արցախի ժողովուրդն ու իշխանությունները ակնկալում են սեղմագույն ժամկետում շոշափելի արդյունքներ անվտանգային ու հումանիտար իրավիճակի մեղմացման և շրջափակման վերացման ուղղությամբ: Իհարկե, մենք մեր խիստ սահմանափակ հնարավորությունների սահմաններում առավելագույնս կատարում ենք իրավիճակը վերահսկելու ուղղությամբ՝ ունենալով ու գործարկելով մի շարք սցենարներից բխող գործողությունների պլաններ: Այդ համատեքստում կուզեի ընդգծել, որ Արցախի Հանրապետությունը մնում է հավատարիմ իր կառուցողական կեցվածքին և պատրաստ է քաղաքակիրթ երկխոսությամբ քննարկել ու խաղաղ միջոցներով կարգավորել բոլոր հիմնախնդիրները»,- հավելել է Արայիկ Հարությունյանը:

Ծավալվել է մտքերի փոխանակություն Արցախի նախագահի խնդրանքով տեղի ունեցած՝ ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի միջև հեռախոսազանգի ընթացիկ արդյունքների, ինչպես նաև օրակարգային այլ հարցերի շուրջ: Հանրապետության նախագահը վերջում համապատասխան հանձնարարականներ է տվել լիազոր մարմիններին:

ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ անցած մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել