Սամվել Մայրապետյանի կինն ու որդին կանչվել են Դատախազություն

Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանը ծանուցում է ստացել հուլիսի 4-ին ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:

Դատախազության ծանուցման մեջ ասվում է․ «Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Սամվել Ալբերտի Մայրապետյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է սույն թվականի հուլիսի 4 ին՝ ժամը 12:00-ին»։

Նշենք, որ Դատախազություն ներկայանալու ծանուցում են ստացել նաև Հ2 հեռուստաալիքի փոխտնօրեն Լեւոն Սուլթանյանը, Միքայել Սամվելի Մայրապետյանը և այլ անձինք։

Նշենք, որ Գոհար Քյալյանը Սամվել Մայրապետյանի կինն է, իսկ Միքայել Մայրապետյանը նրանց որդին է։

Ավելի վաղ դատախազությունից հայտնել էին, որ 2002թ. մայիսի 16-ից Գ. Հակոբջանյանը Ս. Մայրապետյանի առաջարկով ստանձնել է փաստացի վերջինիս պատկանող «Գլոբուս» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը։ Ընկերությունը պայմանագիր է կնքել այլ ՍՊԸ-ի հետ, որի հիմքով վերջինիս իրականացրած շինարարական աշխատանքների արդյունքում Երևան քաղաքի Տերյան 66 հասցեում 2006թ. կառուցվել է ընդհանուր 28650,63 քմ մակերեսով բնակելի շենք․ «Կառուցումից անմիջապես հետո Ս. Մայրապետյանը, ի սկզբանե նպատակ ունենալով չվճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացվելիք փաստացի եկամուտից առաջացող առանձնապես խոշոր չափերով հարկերը, 2006թ. ընթացքում ընկերության տնօրեն Գ. Հակոբջանյանի միջոցով կազմակերպել է «Գլոբուս» ՍՊԸ-ին պատկանող՝ նշված բնակելի շենքի թվով 141 միավոր անշարժ գույքերն ընկերության կողմից առուվաճառքի պայմանագրերում կեղծ՝ շուկայական արժեքներից էականորեն ցածր գներ նշելու գործընթացը: Գործընթացի հետևանքով Գ. Հակոբջանյանը «Գլոբուս» ՍՊ ընկերության փաստացի եկամուտը չի ներառել հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում՝ այդ կերպ պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 5.678.764.260 դրամի հարկ»։ 

Նշվում է, որ առկա է պետության գույքային շահի խախտման հանգամանք։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ Ս. Մայրապետյանից և Գ. Հակոբջանյանից 5.678.764.260 դրամ բռնագանձելու պահանջով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել