Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պաշտպաններ Ալեքսանդր Կոչուբաևը և Էրիկ Ալեքսանյաը հայտարարությամբ են հանդես եկել, որում ասվում է․
«Այսօր ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց նախաքննության ավարտ և երկու դրվագներով նոր մեղադրանքներ ուղարկեց դատարան: Պաշտպանական կողմը գտնում է, որ մեղադրանքներն ամբողջությամբ անհիմն են և մեկ մարդու երևակայության արդյունքում կազմված զեկուցագրի արդյունք:
Մենք այս քրեական հետապնդումը չենք դիտարկում քաղաքական կոնտեքստում, քանի որ առկա է եղել օրենքով նախատեսված զեկուցագիր, որի հիման վրա իրականացվում են իրավական գործընթացներ: Մենք վստահ ենք՝ Վլադիմիր Գասպարյանը արդարացվելու է, իսկ զեկուցագիրը ներկայացրած անձը ենթարկվելու է քրեական պատասխանատվության՝ սուտ մատնություն կատարելու համար: Մենք խախտում ենք հայտարարված լռությունը, քանի որ այն ստեղծել է սխալ ընկալումներ հանրության շրջանում և պարբերաբար հանդես ենք գալու հրապարակումներով»:
————
Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ՝ Հանցավորին վստահված ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և պաշտոնեական դիրքն օգտագործելով) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված արաքներ կատարելու համար:
Ըստ մեղադրանքի՝ Գասպարյանի և մյուս ամբաստանյալների գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 միլիոն դրամի վնաս։