Վերջերս արագորեն զարգացող արատավոր պրակտիկա է, երբ ոստիկանները ֆիզիկական ուժ են գործադրում իրենց մասնագիտական գործունեությունը ծավալող փաստաբանների նկատմամբ։
Այս մասին հունիսի 30-ին՝ Արևելյան Գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) «ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, լավ կառավարում և կայունություն» առաջին խմբի (ԱԽ 1) տարեկան առցանց ժողովի ժամանակ ասաց ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) ԱԽ 1-ի համակարգող, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը։ Ժողովին մասնակցում էին ԱլԳ վեց երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և Եվրոպական միության ներկայացուցիչները։
Նա նշեց, որ վերջին դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, որի կապակցությամբ փաստաբանական համայնքը անգամ գործադուլ էր արել 2023 թվականի հունիսի 26-ին, երթեր են կազմակերպել, բայց ոստիկանությունից և կառավարությունից համարժեք պատասխան և արձագանք չկա։
Փաստաբանների պալատի նախաձեռնությամբ փաստաբանները մի քանի բողոքի ակցիաներ, երթեր են իրականացրել վերջին օրերին՝ բարձրաձայնելով խնդրի մասին և պահանջ ներկայացնելով Ներքին գործերի նախարարությանը։
ՀՀ փաստաբանների պալատի հրապարակած տվյալներով 800-ից ավելի փաստաբան, որոնք միացել էին ակցիային, պահանջ են ներկայացրել ՆԳՆ-ից՝ դադարեցնել փաստաբան Կարեն Ալավերդյանի ծեծին մասնակցած ոստիկանների, ինչպես նաև ՆԳՆ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Կենտրոն բաժնի պետի լիազորությունները։
«Ինչու է շեշտադրվում այս համատեքստում կառավարության արձագանքի մասին, քանի որ վերջին փոփոխությունների ուժով ոստիկանությունը դարձել է ներքին գործերի նախարարություն, հետևապես կառավարության մաս է կազմում և նախարարը հանդիսանում է քաղաքական անձ է»,-նշել է Սյուզաննա Սողոմոնյանը։