ՄԻՊ-ն ընդունել է փաստաբան Կարեն Ալավերդյանին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հունիսի 30-ին, ընդունել է փաստաբան Կարեն Ալավերդյանին։

Այս մասին տեղեկանում ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որոնց համաձայն՝ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնում բռնություն է գործադրվել փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ։ Դեպքի կապակցությամբ՝ Պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսվել էր քննարկման ընթացակարգ։ Համապատասխան գրություններ են հասցեագրվել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով:

Հանդիպման ընթացքում փաստաբանը հայտնել է իր մտահոգությունները կապված քրեական վարույթի, այդ թվում՝ սեղմ ժամկետներում նախաքննության իրականացումն ապահովելու վերաբերյալ։ Ներկայացված լրացուցիչ տեղեկությունների հաշվառմամբ՝ Պաշտպանի իրավասությունների շրջանակներում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ։

Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ փաստաբանի պաշտպանված մասնագիտական գործունեությունը երկրում մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի կարևորագույն նախապայմաններից է, արդարադատության համակարգում և իրավունքի գերակայության ապահովման գործում այն ունի առանցքային կարևորություն։

——–

Հիշեցնենք, որ փաստաբան Կարեն Ալավերդյանի կողմից ներկայացված հանցանքի մասին հաղորդման հիման վրա՝ պաշտոնատար անձ հանդիսացող, Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի ծառայողների կողմից խոշտանգում կատարելու առերևույթ դեպքի առթիվ 2023 թվականի հունիսի 8-ին Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգում): Նախաքննությունը շարունակելու համար այն ուղարկվել էր Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչություն:

Վերը նշված վարույթով Կարեն Ալավերդյանը ճանաչվել է տուժող, որոշում է կայացվել նրա վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, միջոցներ են ձեռնարկվել դեպքի վայրում տեսագրող սարքերի առկայությունը պարզելու և դրանք առգրավելու ուղղությամբ։

Միաժամանակ, 2023 թվականի հունիսի 7-ին Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել էր մեկ այլ քրեական վարույթ, որի նախաքննությամբ հավաքված ապացույցների հիման վրա՝ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Կարեն Ալավերդյանին և նրա վստահորդ Գ.Բ.-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելը) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը), վստահորդի եղբայր Ա.Բ.-ին և Հ.Վ.-ին ևս մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել