Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ազգային ժողովը հունիսի 26-ին վավերացրել է «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը:
Iravaban.net-ը հայտնում է, որ համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր՝ հունիսի 30-ին։ Միևնույն ժամանակ համաձայնագրում նշվում է․
Ավելի վաղ Ազգային ժողովում Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հայտնել է, որ օրենքի նախագիծը բխում է ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների ռազմավարությունից, համաձայն որի` Հայաստանը ցանկանում է ավելի խորացնել հարաբերությունները հարևան Վրաստանի հետ` քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում:
Փոխնախարարի խոսքով երկու երկրների միջև շուրջ 80 միջազգային պայմանագիր է գործում: ՀՀ Կառավարության ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածում նշվում է Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:
«ՀՀ և Վրաստանի միջև գործում է քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի այցելության ռեժիմը: Ներկայումս ՀՀ քաղաքացիներն անձը հաստատող փաստաթղթով Վրաստանի հանրապետությունում կարող են գտնվել մինչև 1 տարի ժամկետով, Վրաստանի քաղաքացիները ՀՀ-ում` մինչև 180 օր` մեկ տարվա ընթացքում: Նոր համաձայնագրի` ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած կճանաչվի 1993 թվականին ստորագրված` «ՀՀ և Վրաստանի հանրապետության քաղաքացիների` իրենց տարածքներով առանց վիզաների տեղաշարժման մասին» համաձայնագիրը»,-ասել է նախարարի տեղակալը:
Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ 2023թ. հունիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: Որպես հաջորդ քայլ, համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է կողմերի միջև համապատասխան ամսաթվի հաստատում:
Համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի ԱԳՆ կողմից։