Փորձ է արվել մաքսանենգ ճանապարհով Բրազիլիայից Հայաստան տեղափոխել «կոկաին» տեսակի թմրամիջոց, որի արժեքը գերազանցում է 300 հազար դոլարը

Օրերս ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի աշխատակիցները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնի աշխատակիցների հետ համատեղ բացահայտել են թմրամիջոցների մաքսանենգության հերթական խոշոր դեպքը: Մասնավորապես, օպերատիվ տեղեկություն է ստացվել այն մասին, որ հնարավոր է Սան-Պաուլո-Փարիզ-Երևան ավիաչվերթով Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանող ուղևորներից մեկը «կոկաին» տեսակի թմրամիջոց է տեղափոխում:

«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում անձնական մաքսային զննման է ենթարկվել Հայաստան ժամանած Բրազիալիայի քաղաքացի Լ․Պ.-ն։ Ունենելով կասկածներ, որ քաղաքացին հնարավոր է մարմնում թաքցնում է թմրամիջոցներ՝ ենթարկվել է տեսազննության: Արդյունքում, նրա մարմնում նկատվել են օտար մարմիններ, որոնք դուրս բերելու նպատակով ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության և ՄԴՊ վարչության աշխատակիցների կողմից Բրազիալիայի քաղաքացին օդանավակայանից տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Բժշկական կենտրոնում իրականացված համակարգչային շերտագրման` սկանավորման արդյունքում պարզվել է, որ նրա հաստ աղիքի հատվածում առկա են գնդաձև օտար մարմիններ, որոնք վերջինիս մարմնից դուրս են բերվել բժշկական տարբեր միջամտությունների արդյունքում: Հայտնաբերվել է «կոկաին» տեսակի թմրամիջոցին նմանվող 120 հատ օվալաձև պարկուճ, այդ զանգվածների ընդհանուր քաշը կազմել է 1216 գրամ։ Հայտնաբերված թմրամիջոցի շուկայական արժեքը գերազանցել է 300 հազար ԱՄՆ դոլարը։

Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով և հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին տրամադրվել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բրազիալայի քաղաքացին ձերբակալվել է, այնուհետև` կալանավորվել։

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից շարունակվում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը` գործի հետ առնչություն ունեցող հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու նպատակով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել