«Սևան» ազգային պարկի որոշ հատվածներում, նախնական ուսումնասիրությամբ, առկա է նեմատոդոզ հիվանդություն

««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում սոճու ավելի քան 8000 ծառ ամբողջությամբ չորացել է, ևս 10.000-ը չորացման սպառնալիքի տակ է․ հրատապ քննարկում նախարարի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

Այսօր՝ հունիսի 29-ին, ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, «Սևան»ազգային պարկի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, նախարարության մասնագիտական ստորաբաժանումներիև հասրակական կազմակերպությունների մասնակցությամբ քննարկվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում սոճիների չորացման խնդիրը։

«Սևան» ազգային պարկի և ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ներկայացուցիչները հանդես են եկել իրավիճակի մասին զեկույցներով։

Խնդիրը նկատվել է դեռ 2017 թվականից: Հիվանդությամբ վարակված ծառերն առանց թուլացման նշանների չորանում են, ինչի հետևանքով տեղի է ունենում ծառերի անկում, խախտվում է ծառերի սաղարթի միակցվածությունը՝ վերածվելով նոսր անտառի: Այս գործընթացին զուգահեռ տվյալ օջախներում խաթարվել է նաև սոճիների բնականոն վերաճը:

Գույքագրման և հաշվեգնահատման արդյունքում պարզվել է, որ մեծ քանակ են կազմում նաև չորացման գնացող ծառերը՝ շուրջ 10.000 հատ:

Վարակված օջախներից, ծառերի բնափայտից ու հողից վերցված փորձանմուշներն ուսումնասիրվել են Գերմանիայի և Ռուսաստանի լաբորատորիաներում:

Նախնական ուսումնասիրությունը փաստել է այդ տարածքում նեմատոդոզ հիվանդության առկայությունը: Եզրակացության մեջ այն նշված է որպես ամենավտանգավոր հիվանդություն, առանցքային վնասատուն նեմատոդն է, որը բզեզների միջոցով է տարածվում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են լուծման հնարավոր տարբերակներ, ներկայացվել է նաև միջազգային փորձը նման իրավիճակներում։

Նախարարը գործընկերներին ներկայացրել է խնդրի լուծման հրատապությունը, որոշում է կայացվել, շարունակել ուսումնասիրությունները, կարճ ժամանակահատվածում ամփոփել հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և գործել հրատապ ժամանակացույցով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել