ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը գրում է.
«Ստորև նկարագրվող իրավիճակին, վստահ եմ, բախվել են հազարավոր մարդիկ կամ մտավախություն ունեն, որ փոքր-ինչ անհնազանդության, անհամաձայնության դեպքում կարող են բախվել՝ կորցնելով աշխատանքը, եկամտի աղբյուրը, ինչն, անխոս, անչափ կարևոր ու ցավալի է յուրաքանչյուր մարդու համար, հատկապես Հայաստանի նման երկրի պայմաններում, երբ ամեն ինչ կենտրոնացված է իշխանության ձեռքում:
Սակայն իմ խորը համոզմամբ չի կարելի մշտապես ապրել վախեցած, կեղծ անտարբերությամբ կամ անձնական շահով, հատկապես երբ ողջամիտ կասկած ունես, որ վտանգված է Հայրենիքիդ անվտանգությունը:
Ներկայացնելով ընտանիքիս առնչվող ներքոհիշյալ դեպքը` ես մեր օրինակով ուզում եմ ասել, որ չպետք է վախենալ, վհատվել: Ի վերջո մենք մենակ չենք և ոչ մի վատ նպատակ չենք հետապնդում:
Գեներալ Գրիգորի Խաչատուրովի պաշտպանության հանձնախմբում ընդգրկվելուս փաստը, ինչպես նաև ուսանողների հետ վերջին հանդիպման ընթացքում տվածս հարցազրույցը իշխանական շրջանակներում խորացրել է դժգոհությունն անձիս նկատմամբ և, որպես հետևանք, մեսիջ` այս երկու օրվա ընթացքում կնոջս պարտադրվեց առանց որևէ օբյեկտիվ պատճառի, օրինական հիմքի աշխատանքից ազատվել, որի հետևանքով որդիս էլ, չհանդուրժելով մոր նկատմամբ անարդար վերաբերմունքը, հեռացավ ԱԱԾ-ից, չնայած չէր լրացել համակարգում նրա պարտադիր ծառայության հինգ տարին:
Ես մնում եմ խորը համոզմունքիս, որ գեներալ Խաչատուրովին կալանքի տակ պահելու որևէ հիմք չկա, և դա ունի ակնհայտ քաղաքական ենթատեքստ, պնդում եմ նաև նախկինում հնչեցված բոլոր մտքերս և առաջիկայում էլ խոսելու ու արձագանքելու եմ, երբ նպատակահարմար կգտնեմ:
Կնոջս ու որդուս նկատմամբ այս գործողությունները համարում եմ պարզունակ վրեժխնդրություն, որը չի կարող բարոյական և իրավական հետևանքներ չունենալ թեկուզ ապագայում:
Եթե այսպես վարվում են իմ ընտանիքի հետ, ապա, պատկերացրեք, թե ինչ է կատարվում ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց շուրջ:
Ինձ համար ամենից ցավալին կլինի, եթե հաստատվեն տվյալները, որ ստիպողական այս գործընթացին առնչվել է նաև ԱԱԾ-ն, քանի որ ընտանիքի անդամների նկատմամբ նման ոտնձգությունն աննախադեպ է և ակնհայտ կրում է անձնավորված բնույթ:
Հիշեք, որ մենք ապրում ենք մե՛ր երկրում, մե՛ր քաղաքում, որտեղ գրեթե բոլորը ճանաչում են իրար, հասկանում են, թե ինչ է կատարվում և գիտեն կամ առնվազն զգում են, թե ով ով է։ Աներկբա է՝ ինչն ունի սկիզբ, ունի և վերջ»։