Ցանկանում եմ ընդգծել, որ մենք ուշադիր հետեւում ենք Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին․ Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հայտարարությունը

Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի հայտարարությունը․

«Տիկնայք և պարոնայք,

Նախ  շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին պաշտոնական այցով ձեր գեղեցիկ երկիր այցելելու հրավերի համար, որը հայտնի է իր հարուստ պատմական և մշակութային ժառանգությամբ:

Այսօր ես այցելեցի Օսմանյան կայսրության դահիճների կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված հրեշավոր հանցագործությունների հիշատակին նվիրված Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ինչը, պետք է ասեմ, խորապես ցնցեց ինձ։

Սլովենիան բարձր է գնահատում Հայաստանի հետ լավ և բարեկամական հարաբերությունները և ձգտում է առավել ամրապնդել այդ կապերը, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության միջոցով: Նախագահ Սիմոնյանը և ես երկուսս էլ կիսում ենք այդ կարծիքը, և ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա այսօր հանդիպել նրա հետ և քննարկել համագործակցությունը խորհրդարանական ամենաբարձր մակարդակով:

Ուրախ եմ նաև, որ երկու խորհրդարաններում էլ վերականգնվեցին բարեկամական խմբերը: Այս խմբերն առանցքային դեր ունեն երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում: Այդ պատճառով այս պաշտոնական այցի ընթացքում ինձ ուղեկցում է Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար պարոն Դին Պրեմիքը:

Հայաստանի և Եվրոպական Միության միջև հարաբերությունների խորացման և քաղաքական երկխոսության ամրապնդման կարևոր հիմք է Գործընկերային համագործակցության համաձայնագիրը: Այս համաձայնագիրը կարևոր է տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման, այդ թվում՝ Եվրոպական միության և Հայաստանի միջև շարժունակության դյուրացման համար, ինչը հատկապես արժեքավոր է Հայաստանի քաղաքացիների համար:

Սլովենիան և Հայաստանը մի քանի խոշոր միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Միավորված ազգերի միության անդամ կամ գործընկեր են: Հիշեցնենք, որ Սլովենիան իր թեկնածությունն է առաջադրել ՄԱԿի Անվտանգության խորհրդում 2024-2025 թվականների ոչ մշտական տեղի համար: Այս համատեքստում ես իմ անկեղծ հույսն եմ հայտնում, որ Հայաստանը հավանություն կտա և կաջակցի մեր թեկնածությանը հունիսի 6-ին կայանալիք ընտրություններում:

ՄԱԿի շրջանակներում Սլովենիան և Հայաստանը միավորում են բազմաթիվ ընդհանուր նպատակներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են խաղաղությունը և անվտանգությունը, արդյունավետ բազմակողմանիության խթանումը, բնապահպանական խնդիրները և մարդու իրավունքները

Ինչպես ընդգծել եմ նախագահ Սիմոնյանի հետ իմ հանդիպման ժամանակ, ոչ մշտական անդամ ընտրվելու դեպքում Սլովենիան ակտիվ փոխգործակցություն կունենա յուրաքանչյուր անդամի հետ անհատապես երկխոսության և սերտ համագործակցության միջոցով միջազգային ճգնաժամերին լուծումներ փնտրելու համար:

Ցանկանում եմ ընդգծել, որ մենք ուշադիր հետեւում ենք Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։ Այս առումով Մենք ողջունում ենք Եվրոպական միության կայուն ներկայությունը տարածաշրջանում և մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանում ԵՄ քաղաքացիական նոր առաքելության ծավալմանը: Մենք կարծում ենք, որ այս առաքելությունը կնպաստի բնակչության անվտանգության ապահովմանը, տարածաշրջանային կայունության ամրապնդմանը և ներգրավված կողմերի միջև վստահության ամրապնդմանը:

Նախագահ Սիմոնյան, մեկ անգամ ևս իմ սրտագին երախտագիտությունն եմ հայտնում ձեր ջերմ ընդունելության համար: Ես վստահ եմ, որ մեր հանդիպումն էլ ավելի կխորացնի մեր երկրների միջև առանց այն էլ դրական հարաբերությունները, և ես շատ անհամբեր սպասում եմ Հանրապետության Նախագահի, վարչապետի հետ հանդիպմանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել